Վերսկսվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան. «ՀայՌուսգազարդ»

01.10.2008, 12:36
Վերսկսվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան. «ՀայՌուսգազարդ»
Վերսկսվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան. «ՀայՌուսգազարդ»

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Վրաստանի տարածքում գազատար խողովակի մի մասի փոփոխման պատճառով դադարեցված ռուսական գազի մատակարարումը Հայաստան վերսկսվել է երեքշաբթի երեկոյան, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունեցող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի թողունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել Վրաստանի տարածքում Խրամի գետի անցումը ապահովող 500 մմ տրամագծով խողովակը փոխարինել1000 մմ տրամագիծ ունեցող գազատարով։

«Գազամատակարարման դադարեցման ընթացքում որևէ սահմանափակում չի գրանցվել սպառման շուկայում։ Որևէ սպառող գազի դադարեցումը չի զգացել, ինչը վկայում է գազամատակարարման համակարգի լիարժեքության և անվտանգության մասին»,- տեղեկացրեցին ՀայՌուսգազարդից։

Այդ ժամանակահատվածում Հայաստանի սպառողների անընդհատ գազամատակարարումն ապահովել է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանը:

Նրա խոսքերով, Հայաստանում գազի միջին պահանջարկը կազմում է օրական մոտ 5-6 մլն խորանարդ մետր։

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարում տարված աշխատանքներն ուղղված են ձմեռային ժամանակահատվածում գազատարի թողունակությունն օրական 500 հազ.-ից մինչև 1 մլն խրնրդ. մ հասցնելուն, ինչն իր հերթին մեզ թույլ է տալիս ձմռանը խուսափել գազամատակարարման խնդիրներից»,- ասացին մամուլի ծառայությունից։

Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական միջոցներով՝ մասնագիտացված շինարարական կազմակերպությունների կողմից։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազ մատակարարելու և տեղաբաշխելու մենաշնորհային իրավունք։

Ընկերությունը ստեղծվել է 1997-ին, բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն (69,94%), Հայաստանի էներգետիկայի նախարարությունը (26,23%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (5,82%)։-0-