ՀՀ վարչապետը Լեհաստանի կառավարության անդամների հետ տնտեսական փոխգործակցության հարցեր է քննարկել

30.09.2008, 20:08
ՀՀ վարչապետը Լեհաստանի կառավարության անդամների հետ տնտեսական փոխգործակցության հարցեր է քննարկել

ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անջեյ Կրեմերին և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մարչին Կորոլեցին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

Լեհ պաշտոնյաների ներկայացմամբ, իրենք Հայաստան են ժամանել ՀՀ  բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների և համագործակցության  ծրագրերի քննարկման միջոցով նպաստելու առաջին հերթին` հայ-լեհական  քաղաքական և տնտեսական գործակցության խորացմանը, որը եվրաինտեգրման  ճանապարհին ավելի կմոտեցնի երկու երկրներին, ինչպես նաև այդ հանդիպումների ժամանակ ներկայացնելու ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագիրը:

«Կրեմերն ու Կորոլեցը ՀՀ  վարչապետին ներկայացրել են հայ գործընկերների հետ քննարկումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք  վերաբերել են նաև համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը»,- նշեցին մամուլի ծառայությունic:

Մասնավորապես, առաջիկայի համար կարևորվել է տնտեսական համագործակցության մասին, ներդրումների խրախուսման և փոխադարձ  պաշտպանության, տրանսպորտային գործակացության, ազատ առևտրի մասին  պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրումը:

Վարչապետ Տիգրան  Սարգսյանը ողջունելի է համարել նման քննարկումները, նշելով, որ հայ-լեհական տնտեսական համագործակցությունը զարգացնելու զգալի  ներուժ գոյություն ունի, որը լիարժեք օգտագործված չէ:

Ըստ նրա, Հայաստանում գործում են լեհական կապիտալով շուրջ մեկ տասնյակ  ձեռնարկություններ, որոնք առավելապես առևտրի ոլորտում են, մինչդեռ անհրաժեշտ է հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ այլ ոլորտներում ևս զարգացնել գործակցությունը:

Փոխնախարարներ Անջեյ Կրեմերը և Մարչին Կորոլեցը, այդ նպատակով կարևորել են ամեն տարի բազմաթիվ երկրների պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ Լեհաստանում կազմակերպվող  համաժողովին Հայաստանի մասնակցությունը։

Հանդիպման ավարտին  ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրել է հյուրերին` իր ողջույնները և ՀՀ կառավարության  կողմից  համագործակցության  պատրաստակամությունը հաղորդել Լեհաստանի  վարչապետին:-0-