Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին բաշխեց նոր Մյուռոնը

30.09.2008, 18:40
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին բաշխեց նոր Մյուռոնը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին բաշխեց նոր Մյուռոնը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երեքշաբթի ընդունեց սեպտեմբերի 28-ին կատարված Մյուռոնօրհնեքի առիթով Մայր Աթոռում համախմբված Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդներին:

«Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը թեմակալ առաջնորդներին բաշխեց գեղարդակերպ սափորներով նոր Մյուռոնը` մաղթելով, որ Տերը Ս. Հոգու շնորհներով զորացնի նրանց իրենց առաքելության մեջ` բարի արդյունքներ ապահովելու մեր Եկեղեցու պայծառության և ժողովրդի բարօրության համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սուրբ Էջմիածնի առաջնորդարանի տեղեկատվական համակարգում։

«Առաջիկա օրերին թեմակալ առաջնորդները կմեկնեն իրենց թեմեր` տանելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը և նորօրհնյալ Ս. Մյուռոնն իրենց բարեպաշտ հոտին»,- նշեցին տեղեկատվական համակարգում։

Հայոց Հայրապետը, ողջունելով եպիսկոպոսաց դասին, իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց, որ Աստծո ողորմությամբ միասնական աղոթքով սեպտեմբերի 28-ին կատարվեց Մյուռոնօրհնության նվիրական արարողությունը, և «երկնային շնորհներն առատորեն հեղվեցին մեր Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա»:

Նորին Սրբությունը ուրախալի համարեց նաև այն փաստը, որ աշխարհի տարբեր ծայրերից բազում հավատավոր հայորդիներ էին ժամանել` իրենց ուխտը կատարելու և աղոթքն առ Աստված բարձրացնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

«Ուրախալի էր նաև, որ Հայոց Եկեղեցու համար կարևոր այս իրադարձությանը ներկա էին քույր Եկեղեցիների ներկայացուցիչները, հայոց պետական ավագանին` գլխավորությամբ ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանի»,- նշեցին տեղեկատվական համակարգում։

Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Մյուռոնօրհնության նախապատրաստման հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և հանձնախմբի անդամներին` Մյուռոնօրհնության աշխատանքները լավագույնս կազմակերպելու, նրանց նախանձախնդիր և հետևողական ծառայությունների համար: --0--