ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են խարդախության մեջ կասկածվողին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երկուշաբթի խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Երևան քաղաքի 31-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանին, հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
«Արթուր Հակոբյանը շրջապատում ներկայանալով որպես Արդարադատության նախարարության բարձրաստիճան աշխատակից և ապօրինի կրելով գնդապետի զինվորական համազգեստ, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, խաբեությամբ նրանցից շորթել է խոշոր չափերի գումարներ` խոստանալով աշխատանքի տեղավորել իրականում գոյություն չունեցող, այսպես կոչված «Ռազմա-սոցիալական հարցերի իրագործման համակարգ» կառույցում»,- ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում:
Մամուլի կենտրոնում հիշեցրեցին, որ Հակոբյանը նախկինում ևս խարդախություն կատարելու համար դատապարտված է եղել 5 տարի ազատազրկման:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր. 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են Ա. Հակոբյանի հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ԱԱԾ քննչական վարչություն` 57-93-16 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ --0--