Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարությունը Հովիկ Աբրահամյանին շնորհավորել է հայկական խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետյան նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթելով ԱԺ նորընտիր նախագահին` ի փառս Հայաստանի Հանրապետության բարգավաճման, վստահություն է հայտնել, որ Աժ նախագահի պատասխանատու պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կհաջողվի նոր լիցք հաղորդել բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեությանը, զարգացնել և խորացնել Հայաստան-Արցախ խորհրդարանական կապերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը վստահություն է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի պետական ու քաղաքական գործչի փորձառությունը Աժ նախագահի բարձր պաշտոնում նորովի կդրսևորվեն` նպաստելով երկրի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, խորհրդարանական ավանդույթների ամրապնդմանն ու զարգացմանը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ նոր լիցք կհաղորդվի երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությանը, կբազմապատկվեն այդ ասպարեզի ձեռքբերումները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը վստահություն է հայտնել, որ պետական համակարգում աշխատանքի Հովիկ Աբրահամյանի հարուստ փորձը և կազմակերպական ակնառու ունակությունները լավագույնս կծառայեն Աժ-ի քաղաքական դերակատարության բարձրացմանը և կօգնեն, որ ՀՀ օրենսդրությունն առավել համահունչ դառնա ժողովրդավարական հասարակության պահանջներին:
Պարոն Հարությունյանը նաև ակնկալել է, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ Ազգային ժողովն իր ուշադրության կենտրոնում կպահի Արցախն ու իր հիմնախնդիրները: --0--