Հայաստանում քննարկվում է Եվրոպական Սոցիալական խարտիայի լրացուցիչ դրույթների վավերացման հնարավորությունը

30.09.2008, 14:22
Հայաստանում քննարկվում է Եվրոպական Սոցիալական խարտիայի լրացուցիչ դրույթների վավերացման հնարավորությունը
Հայաստանում քննարկվում է Եվրոպական Սոցիալական խարտիայի լրացուցիչ դրույթների վավերացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում մեկնարկեց Եվրոպական Սոցիալական խարտիայի լրացուցիչ դրույթների վավերացման հնարավորությունների քննարկմանը նվիրված սեմինարը։

«Սոցիալական իրավունքներն ու սոցիալական անվտանգությունը շատ կարևոր են, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք դրանց ապահովման համար։ Սոցիալական քաղաքականությունը պետք է նպաստի երկրի զարգացմանը, հնարավորություն ընձեռի մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար»,- երկօրյա սեմինարի բացմանը հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը։

Նրա խոսքերով, 2001-ին խարտիան ստորագրելով և 2004-ին վավերացնելով՝ Հայաստանն ընդունեց այդ խարտիայի առավելությունն օրենքի նկատմամբ և իր վրա պատասխանատվություն վերցրեց քաղաքացիների սոցիալական և տնտեսական իրավունքների ապահովման ուղղությամբ։

«Այս գիտաժողովում նախատեսվում է քննարկել խարտիայի այն դրույթները, որոնք առայժմ վավերացված չեն Հայաստանի կողմից, ինչպես նաև հերթական զեկույցների պատրաստման և մոնիտորինգի մեխանիզմները»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ նախորդ զեկույցներում որոշ անհամապատասխանություններ են արձանագրվել խարտիայի և հայկական օրենսդրության միջև, որոնք աստիճանաբար վերացվում են։ Համբարձումյանի խոսքերով, նոր զեկույցի հրապարակումը նախատեսվում է 2008թ. նոյեմբերին։

Իր հերթին Սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեի քարտուղար, ԵԽ Եվրոպական սոցիալական խարտիայի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Ռեժի Բրիյան նշեց, որ խարտիան չի պահանջում միասնականություն սոցիալական հարցերի լուծման առնչությամբ այն վավերացնող բոլոր երկրներում։ -0-