ՀՀ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Կարեն Կարապետյանը

30.09.2008, 13:49
ՀՀ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Կարեն Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Կարեն Կարապետյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Կարեն Կարապետյանի նշանակման մասին հրամանագիրը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է սեպտեմբերի 29-ին։

Նոր պաշտոնում Կարեն Կարապետյանը փոխարինեց Հովիկ Աբրահամյանին, ով նախօրեին ընտրվել էր ՀՀ Ազգային Ժողովի խոսնակի պաշտոնում։  

Կարեն Կարապետյանը ծնվել է 1961 թվականի  մարտի 2-ին, Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում։1982 թվականին ավարտել է  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեների  որակավորում: 1989 թվականին գերազանցությամբ  ավարտել է Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը` ստանալով   քաղաքագետ, տնտեսագետի որակավորում: Ինժեներ-մեխանիկ, քաղաքագետ, տնտեսագետ։

1990-1993թթ. ղեկավարել է Դոնի Ռոստովի «ՍԻԿ» արտադրաառևտրային ձեռնարկությունը, իսկ 1993-1999թթ.՝ Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանը, այնուհետև եղել է նույն ԲԲԸ խորհրդի նախագահ:

1995-1999թթ.` ՀՀ  ԱԺ պատգամավոր (ընտրատարածք թիվ 139), 1999-2003թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր, (ընտրատարածք թիվ 50)։  «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար:

2006թ. հուլիսի 22-ից դարձել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ։ 2007թ. մայիսի 12-ին ընտրվել է ԱԺ թիվ 43 ընտրատարածքի պատգամավոր, ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը։ -0-