«Անվտանգության կովկասյան պլատֆորմը» չի կարող ստեղծվել առանց Իրանի մասնակցության. հայ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովստի-Արմենիա/. «Անվտանգության և կայունության կովկասյան պլատֆորմ» ստեղծելու թուրք-ամերիկյան նախաձեռնությունը չի կարող իրականացվել առանց Իրանի մասնակցության, ասաց հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։
Էրդողանի հայտարարությունում պլատֆորմի ստեղծման սկզբունքների թվում նշված են Կովկասում խաղաղության և անվտանգության լրիվ վերականգնումը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության և էներգետիկ անվտանգության ապահովումը։
«Պլատֆորմ ստեղծելու մասին թուրքական կառավարության ծրագիրը չի կարող կյանքի կոչվել, քանի որ պաշտոնական Թեհրանը պարզորոշ կերպով հասկացրեց Թուրքիային, որ առանց Իրանի մասնակցության ոչ մի «անվտանգության պլատֆորմ» լինել չի կարող»,- ասաց Շաքարյանցը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։
Քաղաքագետը նշեց, որ Թուրքիայի գործողությունները կովկասյան տարածաշրջանում ենթարկվում են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին, և դա հաստատեց անձամբ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը իր հայտարարության մեջ՝ ասելով, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ շահերն է առաջ տանում։ --0--