Երևանի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է դիտարկել անկարգությունների հետ կապված ողջ տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովստի-Արմենիա/. Երևանի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը մտադիր է դիտարկել անկարգությունների հետ կապված ողջ տեղեկատվությունը, ուրբաթ ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։
«Դեպքերի մասին ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ լուրերի մակարդակով, պետք է հանրայնորեն դիտարկվի, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի տեղի կատարվածի մասին... Եթե հասարակությունում կասկածներ կան տվյալ իրադարձությունների առնչությամբ, ապա պետք է ամեն բան անել, որպեսզի դրանք փարատվեն»,- ասաց նա։
Այս կապակցությամբ Նիկոյանը նշեց, որ հանձնաժողովը դիտել է ընդդիմության կողմից ներկայացված՝ իրադարձություններին վերաբերող ֆիլմը և փորձագետների գնահատականը ստանալու համար դիմել է համապատասխան կառույցներին։ Այսպիսով, ստուգվել է մարմնի մասեր պատկերող կադրը, որը, ընդդիմության հավաստմամբ, մարդու է։
Ինչպես հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության գիտա-պրակտիկ կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը, կադրում ներկայացված ոսկորների կտորները խոզի են պատկանում։
«Լավագույն մասնագետների մասնակցությամբ փորձաքննությունը ցույց տվեց, որ այդ ոսկորները ոչ թե մարդկային, այլ խոզի մարմնի մաս են։ Ծնոտը խոզի է պատկանում, այդ մասին է վկայում նաև ատամների ձևը, իսկ լեզուն կարող է կամ ոչխարի կամ հորթի լինել»,- ասաց նա։
Այդպիսով Վարդանյանը կտրականապես հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ դրանք մարդկային մարմնի մասեր են։
Նա նաև նշեց, որ փորձաքննության արդյունքները՝ կցված լուսանկարներով կներկայացվեն դատախազություն և խորհրդարան։
Իր հերթին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության հատուկ կարևոր գործերով ավագ քննիչ, Երևանի զանգվածային անկարգությունների գործով քննչական խմբի պետ Վահագն Հարությունյանը նշեց, որ իրենք հանձնարարություն են ստացել ստուգել այդ կադրի հավաստիությունը և սահմանել, թե երբ ու որտեղ է այն արվել։
«Այս գործի առնչությամբ մենք ստիպված ենք բախվել ապատեղեկատվության հսկայական քանակի հետ, որը խանգարում է հետաքննությանը»,- ասաց նա։ --0--