Հայաստանն ու Սլովակիան ակտիվացնում են համագործակցությունը մշակույթի ոլորտում

26.09.2008, 13:45
Հայաստանն ու Սլովակիան ակտիվացնում են համագործակցությունը մշակույթի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովստի-Արմենիա/. ՀՀ և Սլովակիայի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Մարեկ Մադյարիչը ուրբաթ Երևանում մշակույթի բնագավառում համագործակացության մասին համաձայնագիր ստորագրեցին։

«Սա երկար սպասված պայմանագիր էր երկու երկրների համար։ Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցությունը շատ դանդաղ էր զարգանում, մշակութային կապերը գոյություն ունեին առանձին կազմակերպությունների մակարդակով, իսկ այժմ կապերը կսկսեն զարգանալ պետական մակարդակով»,- հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով, կողմերն արդեն քննարկել են մի շարք հարցեր, որոնց իրականացումն ակտիվացնում է մշակութային համագործակցությունը։ Պողոսյանը տեղեկացրեց, որ արդեն հաջորդ տարի Բրատիսլավայում նախատեսվում է անցկացնել Հայկական կինոյի օրեր, Փարաջանովի կոլաժների ցուցահանդես, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հյուրախաղեր։

«Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը և պետական ֆիլհարմոնիան արդեն եղել են հյուրախաղերով Սլովակիայում։ 2010-2011թթ.-ից մենք կկարողանանք մտածել Սլովակիայում Հայկական մշակույթի օրեր անցկացնելու  մասին»,- ասաց նախարարը։

 «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Սլովակիայի հետ համագործակցությանը, և հույս ունեմ, որ համաձայնագիրը զուտ ձևական բնույթ չի կրի»,- նշեց Պողոսյանը։

Իր հերթին Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը նշեց, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորվել, ինչին պետք է պատասխանի նաև մշակութային համագործակցությունը։ Նախարարի խոսքերով, կողմերը չեն սկսելու համագործակցությունը մեծ նախագծերից, այլ աշխատելու են փուլ առ փուլ։

«Հայաստանում մենք ցանկանում ենք ներկայացնել սլովակ նկարիչներին և կինեմատոգրաֆը, բացի այդ, մենք հետաքրքիր օպերային երգիչներ ունենք։ Իսկ Հայաստանում անցկացվում են բազմաթիվ հետաքրքիր մշակութային փառատոններ»,- ասաց նա։

Սլովակիայի մշակույթի նախարարության պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է սեպտեմբերի 25-29-ը` Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչի գլխավորությամբ: Սլովակիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարության պետքարտուղար Իվան Սեչեկը, գրասենյակի տնօրեն Միրիամ Գրոֆովան և միջազգային հարաբերությունների վարչության պետական խորհրդական Լյուդմիլա Պալոնդերովան:

Սլովակյան պատվիրակության անդամները  հանդիպում կունենան ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի  հետ, կայցելեն Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, կլինեն Երևանի մշակութային հաստատություններում` Մատենադարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ս. Փարաջանովի թանգարանում, Ցեղասպանության ինստիտուտ – թանգարանում և ծաղկեպսակ կդնեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հայաստանում սլովակյան պատվիրակության այցի ողջ ժամանակահատվածում նրանց ուղեկցելու է նաև Հայաստանում Սլովակիայի Հանրապետության Պատվո հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը: -0-