Երևանում բացվեց Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

26.09.2008, 12:39
Երևանում բացվեց Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
Երևանում բացվեց Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված «Վիլյամ Սարոյանի գրական գործունեությունը և ժամանակակից աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողովը բացվեց ուրբաթ Երևանի պետական համալսարանում։

«Այս աշնանը մենք նշում ենք մեր երեք հայրենակիցների՝ Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Համբարձումյանի և Ամենայն Հայոց Վազգեն Առաջին 130-րդ Կաթողիկոսի հոբելյանները։ Այդ երեք մարդիկ գիտելիքներով և սիրով են լցնում մեր միտքն ու սրտերը»,- գիտաժողովի բացմանը հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Ըստ նրա, գիտաժողովի հիմնական նպատակն է Սարոյանի գործունեության տարբեր ասպեկտների ավելի խոր լուսաբանումն ու ուսումնասիրումը։

«Մենք պետք է շնորհակալ լինենք այն մարդկանց, ում թարգմանությունների շնորհիվ հայ ժողովուրդը ճանաչեց իր հանճարին»,- հավելեց նա։

Գիտաժողովին մասնակցում են դասախոսներ Երևանի պետական, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարաններից, Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտից, ինչպես նաև Ակակի Ծերեթելիի անվան Պետական համալսարանի (Վրաստան) երկու մասնագետ։

Իրենց աշխատանքներում զեկուցողները կներկայացնեն գրողի կերպարը, նրա՝ հայի ինքնությունը, որն արտահայտվել է նրա ստեղծագործություններում, ինչպես նաև երկու մշակույթների ազդեցությունը Սարոյանի ողջ գրական ուղու վրա։

Գիտաժողովում ներկայացված նյութերը կհրապարակվեն առանձին հրատարակությունով։

Գիտաժողովի կազմակերպիչն է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնը։

Հոբելյանական միջոցառումները անցկացվում են 2008թ. սկզբից ոչ միայն Հայաստանում, այլև գրողի հայրենիքում՝ Ֆրեզնոյում։

Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ գաղթյալների ընտանիքում։ Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։ --0—