Հայաստանում մատուցվող բուհական ծառայությունների որակը չի կարելի բավարար համարել. վարչապետ

26.09.2008, 11:55
Հայաստանում մատուցվող  բուհական ծառայությունների որակը չի կարելի բավարար համարել. վարչապետ

ՀՀ վարչապետը անբավարար անվանեց Հայաստանում մատուցվող  բուհական ծառայությունների որակը։

«Զարգացում ապահովելու համար մենք առաջին հերթին պետք է հստակ գնահատենք ստեղծված իրավիճակը։ Բուհական համակարգի մատուցած ծառայությունները մեզ բոլորովին չեն բավարարում։ Մենք հստակ հայեցակարգ ենք մշակել և մի քանի օր առաջ Համաշխարհային բանկի հետ հերթական անգամ քննարկել ենք այն համալիր ծրագիրը, որ համատեղ իրականացնում ենք բարձրագույն կրթության համակարգում լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար»,- հայտարարեց ՀՀ վարչապետը ՀՀ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
 
Նրա խոսքերով, առաջին հերթին, նախատեսվում է ներդնել նոր ինստիտուտ, որի նպատակը լինի որակի գնահատումը։

«Այն բուհերը, որոնք որակ չեն ապահովում, կզրկվեն արտոնագրից։ Այսօր մենք ունենք շուրջ 100 պետական և մասնավոր բուհ, և ստեղծված իրավիճակը մեզ բոլորովին չի բավարարում»,- նշեց վարչապետը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ շատ բուհեր չափորոշիչների ներդրման հետ պետք է փակվեն։

«Եվ որքան շուտ դրանք փակվեն, այնքան մեր հասարակությունը կշահի դրանից։ Այդ խնդիրը հստակ ձևակերպված և դրված է նախարարության առջև, և մենք հույս ունենք, որ, պահանջկոտ լինելով և իրականացնելով բավական կոպիտ միջոցառումներ, կարճ ժամանակում կկարողանանք որակապես լավացնել կրթական համակարգը»,- հավելեց կառավարության ղեկավարը։ -0-