ՀՀ կառավարությունը չի պատրաստվում ուսանողներին զինծառայության տարկետումից զրկելու մասին գաղտնի որոշում ընդունել. վարչապետ

26.09.2008, 11:20
ՀՀ կառավարությունը չի պատրաստվում ուսանողներին զինծառայության տարկետումից զրկելու մասին գաղտնի որոշում ընդունել. վարչապետ
ՀՀ կառավարությունը չի պատրաստվում ուսանողներին զինծառայության տարկետումից զրկելու մասին գաղտնի որոշում ընդունել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ երկրի կառավարությունը մտադիր չէ որևէ գաղտնի որոշում ընդունել ուսանողներին զինծառայության տարկետումից զրկելու մասին։

«Մեր կառավարությունն առաջին օրվանից հայտարարել է, որ առավելագույնս հարապարակային է լինելու իր գործունեության մեջ։ Կառավարության կողմից մշակվող բոլոր փաստաթղթերը, նախագծերն ու հայեցակարգերն, առաջին հերթին, անցնելու են հասարակական քննարկում։ Այսինքն, քանի դեռ մենք չենք քննարկում հասարակության հետ կարևորագույն հայեցակարգային փաստաթղթերը, մենք չենք դարձնում դրանք կառավարության քննարկման առարկա»,- հայտնեց երկրի վարչապետը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ նման գաղտնի որոշումներ կառավարությունը մտադիր չէ ընդունել։ Ուսանողներին և բանակին վերաբերող յուրաքանչյուր որոշում առաջին հերթին պետք է դառնա հասարակական քննարկման առարկա։ Առայժմ նման փաստաթուղթ, որ դուրս կբերվի հասարակական քննարկման, պատրաստ չէ»,- ավելացրեց նա։

Միաժամանակ կառավարության ղեկավարը նշեց, որ նման գաղափարը նոր չէ։ «Այն բազմիցս բարձրացվել է Գերագույն Խորհրդում, Ազգային Ժողովում։ Բնականաբար, սա այն կարևոր խնդիրներից է, որ հետաքրքրում է մեր քաղաքացիներին, և առաջին հերթին, նրանց, ովքեր ընտանիքում ուսանող ունեն»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքերով, այսօր վարչապետի հանձնարարականով մշակվում է նոր ռազմավարություն, որի օգնությամբ փորձ է արվում համալիր լուծումներ տալ տվյալ խնդրին, առաջին հերթին, նպատակ հետապնդելով ամրապնդել և հզորացնել հայկական բանակը կայուն հիմքերի վրա, հնարավոր սպառնալիքներից խուսափելու համար։ -0-