Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, հինգշաբթի հայտնեցին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության և մամուլի հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության համաձայն, հայկական կառավարության ղեկավարի որոշմամբ բարոնուհի Քոքսը պարգևատրվել է հուշամեդալով հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների համար:
Հանդիպման ընթացքում Սարգսյանը երախտագիտության և շնորհակալական խոսքեր է հղել Քերոլայն Քոքսին` նշելով, որ մեր ժողովրդի համար լեգենդար անձնավորություն դարձած բարոնուհին շատ լավ հայտնի է Հայաստանում և Արցախում` իր իրականացրած բազմաթիվ առաքելությունների շնորհիվ:
Քոքսը տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարին իր հերթական այցի առիթի մասին` նշելով, որ այցի ժամանակի մեծ մասն անցկացրել է Արցախի սուրբ հողում` մասնակցելով այնտեղ տասը տարի առաջ իր ջանքերով հիմնադրված և Հարավային Կովկասում լավագույններից մեկը համարվող վերականգնողական կենտրոնի հոբելյանական միջոցառումներին:
Բարոնուհի Քոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին պարգևի և ջերմ խոսքերի համար: Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում նա նաև հետաքրքրվել է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վրա Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության հռչակման հնարավոր ազդեցության, Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի և հայկական իշխանությունների մոտեցումների վերաբերյալ հարցերով: Վարչապետը բարոնուհուն հանգամանորեն ներկայացրել է հիշյալ հարցերի վերաբերյալ մեր երկրի պաշտոնական տեսակետը, որը տարբեր առիթներով մինչ այժմ ներկայացվել է:
ԼՂՀ և ՀՀ հերթական այցի ընթացքում բարոնուհի Քոքսին ուղեկցում է Հայաստանով և Արցախով հետաքրքրված ներկայանալի պատվիրակություն, որի անդամները, բարոնուհու հավաստմամբ, հետագայում դառնալու են Հայաստանի լավագույն բարեկամները: --0--