ՀՀ 2009 թ.-ի պետական բյուջեն սոցիալական ուղղվածություն կունենա. նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ 2009 թ.-ի պետական բյուջեն, որի նախագիծը հինգշաբթի հաստատել է երկրի կառավարությունը, սոցիալական ուղղվածություն կունենա։
Ինչպես կառավարական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, մյուս տարի հատկապես մեծ հատկացումներ են նախատեսվում կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտների համար։
«Կրթության ոլորտի հատկացումը 2009 թ.-ի համար կկազմի ՀՆԱ 3,5 տոկոսը, առողջապահության համար՝ ՀՆԱ 2,2 տոկոսը։ Սրանք բավականին բարձր ցուցանիշներ են»,- ասաց նախարարը։
Նախարարի բերած տվյալներով, պետբյուջեի 2009 թ.-ի ծախսերը կրթության ոլորտում 127 մլն դրամ կկազմի, առողջապահության ոլորտում՝ 66 մլրդ դրամ, շրջական միջավայրի պահպանման ոլորտում՝ 4,6 մլրդ դրամ, տնտեսության ոլորտում՝ 102, 7 մլրդ դրամ։
Բնակարանաշինության և կոմունալ ծառայությունների ոլորտների համար նախատեսվող հատկացումները 23,3 մլրդ դրամ կկազմեն, մշակույթի և հանգստի ոլորտների համար՝ 19,1 մլրդ դրամ, սոցիալական նպաստների ու կենսաթոշակների վճարումները՝ 243 մլրդ դրամ։
Ինչպես հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ՀՀ 2009 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել այն ընտանիքների վճարումները, որոնք երրորդ երեխան կունենան։ 2009 թ.-ի հունվարի մեկից բոլոր նման ընտանիքները երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան համար 430 հազարական դրամ կստանան։
Ինչպես տեղեկացրեց Սաֆարյանը, 2009 թվականի հունվարի 1-ից կմեծանա նաև երեխայի խնամքի համար գործազուրկ քաղաքացիներին հատկացվող միանվագ նպաստի չափը։ Փոխնախարարն ասաց, որ 2009 թվականին նպաստի չափը կկազմի 50 հազար դրամ ներկա 35 հազարի փոխարեն։
Բացի այդ, փոխնախարարի խոսքերով, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվող ամսական նպաստը, որը տրվում է որոշակի կարգի քաղաքացիներին, կկազմի 18 հազար դրամ ներկա 3 հազար դրամի փոխարեն։
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է «2009 թվականի պետբյուջեի նախագծի մասին» օրինագիծը։
ՀՀ 2009թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով` 927,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 967,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 40 մլրդ դրամ:--0-