Հայաստանը և Ռուսաստանը կհամագործակցեն հեռուստա և ռադիոհեռարձակման ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ համաձայնություն է տվել Հայաստանի կառավարության և Ռուսաստանի կառավարության միջև «հայաստանյան և ռուսաստանյան հեռուստառադիոհեռարձակման կազմակերպությունների ծրագրերը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում ընդունելու և տարածելու կարգի և պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի խոսքերով, 1997 թ.-ի հուլիսի 1-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «Հայաստանի տարածքում ռուսական հեռուստառադիոհաղորդումները ընդունելու և տարածելու մասին» համաձայնագիր է ստորագրվել։
«Համաձայնագրի նորմերի համաձայն Հայաստանի տարածքում կարգավորվել է միայն ռուսական հեռուստառադիոընկերությունների ծրագրերի ընդունման և տարածման կարգը։ Ներկայում, անհրաժեշտ է կարգավորել նաև հայ հեռուստառադիոընկերությունների շահերը»,- ասաց նա։
Փոխնախարարի խոսքերով, նոր համաձայնագրով փոխշահավետ պայմաններ են հաստատվում կողմերից երկուսի համար էլ։
Բեգլարյանն ավելացրեց, որ համաձայնագրով մասնավորապես ենթադրվում է, որ հայ և ռուս հեռուստառադիոընկերություններին Հայաստանի և Ռուսաստանի տարածքում հաղորդումներ հեռարձակելու համար անհրաժեշտ իրավական կարգավիճակ կտրվի, ինչը կնպաստի տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների ճիշտ կատարմանը։
«Համաձայանգրով նախատեսվում է, որ կողմերը պետք է սատարեն հեռուստատեսային նյութերի փոխանակմանը, ծրագրեր պատրաստելու համագործակցությանը»,- ավելացրեց նախարարը։ --0--

