Հայաստանում հարուցվել է քրեական գործ ծառերի ապօրինի հատումների փաստով

25.09.2008, 11:25
Հայաստանում հարուցվել է քրեական գործ ծառերի ապօրինի հատումների փաստով
Հայաստանում հարուցվել է քրեական գործ ծառերի ապօրինի հատումների փաստով

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում քրեական գործ է հարուցվել Լոռու մարզում ծառերի ապօրինի հատումների փաստով, չորեքշաբթի «Նովստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշվում է, որ ապօրինի անտառահատումների փաստը հաստատվել էր Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնի կողմից պատրաստած նյութերի հիման վրա։
       
Նյութերը պատրաստված էին Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ՝ մամուլում դատախազական ստուգումների և հրապարակումների հիման վրա։

«Պարզվել է, որ  «Լալվարի» անտառտնտեսության անտառապետ Ֆելիքս Բեկթաշյանը ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, պատշաճ չի ապահովել անտառի պահպանությունը, որի հետևանքով ապօրինի հատվել է ընկուզենի տեսակի 8 հատ ծառ՝ 3.6 մլն դրամ (11 հազար ԱՄՆ դոլար) արժողության»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին (պաշտոնական անփութություն) և 296-րդ հոդվածի 3-րդ մասերի (ծառերի ապօրինի հատում, որն առաջացրել է առանձնապես խոշոր վնաս) հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ,  բացի ապօրինի հատված ընկուզենի տեսակի հիշյալ 8 ծառերից, նույն ժամանակահատվածում նախկինում տարածքներ սեփականաշնորհած տարբեր անձանց կողմից ապօրինի հատվել է   ընկուզենի տեսակի ևս 21 ծառ:

Մասնավորապես, ինչպես հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Շնող գյուղի բնակիչ Դուրմիշ Ավետյանի կողմից ընկուզենու  7 հատ ծառի ապօրինի հատումը օրինական ներկայացնելու նպատակով՝  Շնողի համայնքապետ Հայկազ Քոչինյանը, քրեական գործի նախաքննության ընթացքում, իր պաշտոնեական պարտականությունները չարաշահելով, կազմել և Ավետյանին է տրամադրել ծառերի հատումը թույլատրելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկանքներ՝ հետին ամսաթվով:

Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով: -0-