Թուրքիային ձեռնտու է ճանաչել 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանությունը

«Ճանաչելով հայերի ցեղասպանությունը՝ Թուրքիան կազատվի եվրոպական հանրության և ամերիկյան Սենատի կողմից բազմամյա ճնշումից այդ հարցի առնչությամբ»,- ասաց Դիլանյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը լուրջ երաշխիքներ է տալիս, որ ցեղասպանության ճանաչումը կկայանա մոտ ժամանակներս։
Դիլանյանի կարծիքով Թուրքիան հայերի ցեղասպանությունը չի ճանաչում, քանի որ թուրքական այսօրվա սերունդը գիտակցում է, որ ցեղասպանության ցանկացած դրսևորումը մեծ չարիք է, և նրանք պարզապես հրաժարվում են հավատալ, որ իրենց նախնիները կարող էին նման չարագործություն կատարել։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը իրագործված ցեղասպանության մասին թուրք հասարակության լայն շերտերի շրջանում քարոզչությունը կլինի, ինչպես նաև բազմակարծության գերիշումը, Թուրքիայի կրթական համակարգի բարեփոխումները, թուրք մտավորականության ներկայացուցիչների հետապնդումներից հրաժարվելը։
Իր հերթին Ստամբուլի «Բիգլի» համալսարանի դոցենտ Թուրգուտ Քերեմ Թունջալն ասաց, որ, հնարավորություն չունենալով ծանոթանալ Հայաստանի հետ և ճանաչել հայերին, թուրք հասարակությունը ստիպված է 20-րդ դարասկզբի իրադարձությունների մասին խեղաթյուրված տեղեկություններ ստանալ, որոնք մատուցվում են հեռուստատեսության միջոցով ու ԶԼՄ-ների հրապարակումներում։ Նրա խոսքերով, նման խնդիր գոյություն ունի նաև Հայաստանում՝ Թուրքիայի հանդեպ։
«Մենք պետք է մի կողմ թողնենք մինչ այսօր մեր ունեցած տեղեկություններն ու փորձենք օգտագործել միմյանց հետ հաղորդակցման բոլոր հնարավորությունները՝ հանուն հայ-թուրքական հարաբերությունների փայլուն ապագայի։ Մենք պետք է քննադատաբար վերաբերվենք այն տեղեկություններին, որոնք այսօր մեզ մատուցվում են»,- ասել է Թունջալը։
Նրա խոսքերով, «պատմությունից բխող խնդիրը ճանաչման խնդիրն է, իսկ ճանաչումից հետևում է վնասի փոխհատուցման ու տարածքի վերաձևման մասին Հայաստանի պահանջներին վերաբերող խնդիրը»։
«Ես ոչ մի ակնարկ չեմ տեսնում այն առնչությամբ, որ թուրքական կողմն ընդունել է տարածքը Հայաստանի օգտին վերաբաշխելու հնարավորությունը։ Նման պահանջները կարող են զրոյացնել այն նվաճումները, որոնց մենք հասել ենք մեր հարաբերությունների նորմալացման համար»,- հայտարարեց Թունջալը։
Նա խորհուրդ է տվել երկու կողմին էլ դանդաղ և զգույշ առաջ շարժվել երկկողմ կապերի նորմալացման ուղղությամբ՝ նկատի ունենալով նախ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—