Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է սպառնա Հայաստանի ազգային արժանապատվությանը. ՀԺԿ

24.09.2008, 14:47
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է սպառնա Հայաստանի ազգային արժանապատվությանը. ՀԺԿ

Հայաստանի ընդդիմությունը կողմնակից է երկրի իշխանության՝ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, սակայն դա չպետք է տեղի ունենա Հայաստանի ազգային արժանապատվության հաշվին, հայտարարեց Հայաստանի Ժողովրդական ընդդիմադիր կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին Երևան հրավիրելը հայկական կողմի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու դրսևորում էր, և ընդդիմությունը կողմնակից է այդ քայլին»,- հայտարարեց Դեմիրճյանը մամուլի ասուլիսում։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Երևան էր եկել սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ երկու երկրների թիմերի միջև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը սեպտեմբերի 6-ին Երևանում դիտելու համար։

Այս հանգամանքը հատուկ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

Միաժամանակ ՀԺԿ առաջնորդն ընդգծեց Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության հարցով հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու անհնարինությունը։

Նման կառույց, որը կզբաղվի 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայից հայերի զանգվածային կոտորածի և  տեղահանության հանգամանքների հետազոտությամբ, ստեղծելու նախաձեռնությամբ 2005թ. հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 «Հայկական կողմի՝ հանձնաժողով ստեղծելու հնարավոր համաձայնությունը երկիմաստ իրավիճակի մեջ կգցի այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ցեղասպանության փաստը»,- ընդգծեց Դեմիրճյանը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-