Երևանում նշեցին ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի հոբելյանը
Երեքշաբթի Երևանում նշեցին հայ գիտնական, պետական գործիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի 85-ամյա հոբելյանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գիտության և կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը, պետական գործիչներ, Հայաստանի և Ռուսաստանի հայ մտավորականության ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատվիրակությունը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը միջոցառման ժամանակ նշեց, որ Ֆադեյ Սարգսյանի 85-ամյա հոբելյանը բոլորի տոնն է։ Ըստ վարչապետի, նա հավասարակշռություն է բերում ամեն տեղ, որտեղ լինում է
«Իմ բախտը բերել է, որ աշխատում եմ Ֆադեյ Սարգսյանի հետ միևնույն թիմում։ Նրա մասնակցությունը կառավարությունում նպաստում է դրա շարքերում թիմային ոգու ձևավորմանը»,- ավելացրեց կառավարության ղեկավարը։
Ֆադեյ Սարգսյանը ՀՀ վարչապետի խորհրդականն է։
Կառավարության ղեկավարը նշեց, որ ակադեմիկոսի կուտակած փորձը թույլ է տալիս պատասխաններ տալ մարդկության նոր մարտահրավերներին, իսկ Սարգսյանի՝ որպես պետական գործչի, անհատականությունը պետք է օրինակ հանդիսանա պետական գործիչների ներկա սերնդին։
Վարչապետը հոբելյարին շնորհավորեց իր և հանրապետության ողջ կառավարության անունից։
Իր հերթին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վլադիմիր Խրուլյովը նշեց, որ Ֆադեյ Սարգսյանը շարունակում է ինտենսիվ և համառորեն աշխատել հայ ու ռուս գիտնականների միջև սերտ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, իսկ «նրա գործունեությունից էներգիա են քաղում ոչ միայն հայ և ռուս, այլև օտարերկրյա գիտնականները»։
Ֆադեյ Սարգսյանին ոսկե հուշամեդալներ են շնորհվել ՀՀ գիտության և կրթության նախարարության, Ճարտարագիտական ակադեմիայի և Արմավիրի մարզպետարանի կողմից, Սբ.Գեորգիի անվ. ոսկե մեդալ և Գ.Վ.Լեյբնիցի անվ. արծաթե մեդալ՝ Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից։ --0--