ՀԵԿ-ը խոշոր բիզնեսին կոչ է անում ֆինանսավորել հայ երիտասարդության այցերը Արցախ
Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը կոչ է անում երկրի խոշոր գործարարներին` ֆինանսական աջակցություն ցուցաբերել հայ երիտասարդության Արցախ այցերի ծրագրի ընդլայնմանը։
«Մենք կոչ ենք անում հանրապետության 300 խոշորագույն հարկատուներին՝ աջակցություն ցույց տալ հայ երիտասարդության դեպի Արցախ ճանաչողական այցերի ծրագրի շարունակմանը»,- ասաց ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Կուսակցության առաջնորդի խոսքերով, ծրագրի ընդլայնման անհրաժեշտությունը պայմանավորված է Ղարաբաղի հանդեպ հայ երիտասարդների աճող հետաքրքրությամբ։
Նրա խոսքերով, կուսակցությունը խոշոր ձեռներեցներին, տարբեր կազմակերպությունների ղեկավարներին ու ձեռնարկությունների տնօրեններին հասցեագրված ուղերձ է պատրաստել՝ ծրագրի իրականացման համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրանքով։
Բաբայանի խոսքով, հետագայում կուսակցությունը հույս ունի ֆինանսական աջակցություն ստանալ հայկական սփյուռքի ներկայացուցիչներից։ «Այն ամենն, ինչ անում ենք, մեր երկրի ապագայի համար է»,- նշեց Բաբայանը։ --0--