ՀՀ նախագահը հավանություն է տալիս ռուսական գազի ներմուծման երկարաժամկետ պայմանագրի կնքմանը

23.09.2008, 15:52
ՀՀ նախագահը հավանություն է տալիս ռուսական գազի ներմուծման  երկարաժամկետ պայմանագրի կնքմանը
ՀՀ նախագահը հավանություն է տալիս ռուսական գազի ներմուծման  երկարաժամկետ պայմանագրի կնքմանը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական է գնահատում ռուսական գազի Հայաստան մատակարարման  երկարաժամկետ պայմանագրի կնքումը։

Պայմանագրի համաձայն, 2009թ. ապրիլի 1-ից հազար խորանարդ մետր գազի արժեքը Հայաստանի համար  կկազմի 154 ԱՄՆ դոլար՝ ներկա 110 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Իսկ 2010թ. ապրիլի 1-ից հազար խորանարդ մետր գազի գինը կկազմի 200 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ և 169,5 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ։ Պայմանագիրը ստորագրվել է փոխշահավետ պայմաններով, 2009-2015թթ. ժամկետով։

«Եթե Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները չտրանսֆորմացվեին տվյալ պայմանագրում, ապա դա, նվազագույնը, անհասկանալի կլիներ մեզ ու մեր ժողովրդի համար։ Ես ուրախ եմ, որ պայմանագրի դրույթները լիովին տեղավորվում են մեր բանակցությունների տրամաբանության մեջ»,- երեքշաբթի Սարգսյանն ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերություն կատարած իր այցի ընթացքում։   

Նախագահը դրական գնահատեց գազի ոլորտում երկարաժամկետ պայմանագրի կնքումը, ինչն, իր կարծիքով, թույլ կտա և բնակչությանը, և ձեռնարկատերերին իրենց ծրագրերը մշակել։

Երկրի ղեկավարն ընդգծեց, որ 2009 թ.-ի ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող սակագներն աննշան կավելացնեն սոցիալական բեռը։

«Թեև «ՀայՌուսգազարդը» հայտարարում է, որ սակագները բնակչության վրա չեն անդրադառնա, այնուամենայնիվ, դա կարող է ընկալվել որպես փոփոխությունների լիակատար բացակայություն, սակայն ես համաձայն եմ, որ փոփոխություններն աննշան կլինեն, և սոցիալական բեռը ևս մեծ չի լինի»,- ասաց Սարգսյանը։  

Ընդ որում, ինչպես կարծում է նախագահը, բիզնեսի համար դա տարածաշրջանում ավելի մրցունակ լինելու փայլուն հնարավորություն կդառնա։ 

«Ես  լիովին կիսում եմ այն սկզբունքը, որ չնայած տրանսպորտային բարձր բաղադրիչին, տվյալ սակագները  հնարավորություն են տալիս ավելի շահավետ պայմաններում հայտնվել, իսկ դա, իր հերթին, մեզ հնարավորություն է տալիս տեսանելի ապագայում մեր ՀՆԱ ցուցանիշը բարձր մակարդակի հասցնել»,- ասաց Սարգսյանը։

2006թ. մարտի 31-ին ՀՀ կառավարությունը և «Գազպրոմ» ԲԲԸ-ն 25 տարի ժամկետով համաձայնագիր ստորագրեցին, որը սահմանում է հայկական տարածքում գազաէներգետիկական ծրագրերում համագործակցության ռազմավարական սկզբունքները։

Մասնավորապես, համաձայնագիրը նախատեսում էր Հայաստան մատակարարվող գազի սակագնի բարձրացում 56-ից մինչև 100 դոլար՝ հազար խորանարդ մետր գազի համար, ընդ որում՝ «Գազպրոմը» պարտավորվում էր սակագինը չբարձրացնել մինչև 2009 թվականը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (67,94% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (26,23%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (5,82%)։--0—