Հայաստանը կարևորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարևորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը, երկուշաբթի հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հավատարմագրերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Հայկական պետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել ամերիկյան կառավարությանը անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերած հետևողական օժանդակության համար:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Միացյալ Նահանգների` որպես համանախագահ երկրներից մեկի, դերը ղարաբաղան հակամարտության կարգավորման գործընթացում:
Իր հերթին նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը` Հայաստանի անկախության տոնի առթիվ:
«Ընդգծելով Միացյալ Նահանգների՝ Հայաստանի առաջընթացին դեպի ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն աջակցելու պատրաստակամությունը, դիվանագետն ասել է, որ կձեռնարկի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար»,- նշեցին մամուլի ծառայությունից:
Մարի Յովանովիչը Միացյալ Նահանգների կառավարության անունից ողջունել է Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու նախագահ Սարգսյանի համարձակ նախաձեռնությունը և նշել, որ այն շրջադարձային նշանակություն ունի տարածաշրջանի համար և կխթանի խաղաղության ու կայունության հաստատմանը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան տնտեսական գործակցության խնդիրներին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ տիկին դեսպանն իր գործունեության ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի իշխանությունների կողմից:--0--