Որսի կանոնները խախտելու համար Հայաստանի բնապահպանական տեսչությունը օգոստոսի 25-ից 6 որսորդի է տուգանել
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, օգոստոսի 25-ից հանրապետության որսահանդակներում բնապահպանական պետական տեսչության օպերատիվ խմբի կողմից իրականացվող սիրողական որսի կատարման օրինականության նկատմամբ վերահսկողության արդյունքում 6 որսորդ օրինախախտներ տուգանքի են ենթարկվել ընդհանուր առմամբ 158 հազար դրամ գումարի չափով:
Տվյալ խախտումները, ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, հայտնաբերվել են Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզերում ավելի քան 180 որսորդների փաստաթղթերի զննման ընթացքում։
Նախարարության տվյալներով, օրինախախտման ևս մեկ դեպք գտնվում է վարչական վարույթում, իսկ ստուգումների արդյունքում առգրավվել է որսորդական 6 հրացան:
«Վերահսկողական աշխատանքները շարունակվում են մյուս մարզերում ևս»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, բնապահպանության նախարարի հրամանով հանրապետության տարածքի /բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների/ որսահանդակներում թույլատրվում է իրականացնել լորի, աղավնու, ջրլող որոշ թռչունների և այլ կենդանիների որս` ըստ համապատասխան ժամանակացույցերի:
Ինչպես հայտնում է Բնապահպանության նախարարությունը, օգոստոսի 25-ից հանրապետության որսահանդակներում բնապահպանական պետական տեսչության օպերատիվ խմբի կողմից իրականացվում է սիրողական որսի կատարման օրինականության նկատմամբ վերահսկողություն այն մարզերի որսահանդակներում, որտեղ առավել գերակշռում են լորը, աղավնին, ջրլող թռչունները:
Կազմավորվել է 8 հոգուց բաղկացած 2 օպերատիվ խումբ, որոնք պարբերաբար իրականացնում են անսպասելի ստուգայցեր տարբեր որսահանդակներում:--0--