Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում հայ ժողովուրդը զիջումների չի գնա . պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ժողովուրդը զիջումների չի գնա Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում, կարծում է ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։
«Հայ ժողովուրդը կյանքի ամենածանր պահերին անգամ բացասական է պատասխանել ԼՂՀ-ն Ադրբեջանին միացնելու փորձերին, հիմա նույնպես « ոչ» կասի»,- Պետրոսյանն ասաց երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա կարծում է, որ մեծ հաշվով, ղարաբաղյան հարց այսօրվա դրությամբ լինել չի կարող, քանի որ այն անվերադարձ մնացել է պատմության մեջ։ «Ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ լուծվել է համաժողովրդական հանրաքվեի ժամանակ»,- հայտարարեց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-