Հայաստանում մեկնարկել են պոլիոմիելիտի դեմ երեխաների պատվաստումները

22.09.2008, 14:19
Հայաստանում մեկնարկել են պոլիոմիելիտի դեմ երեխաների պատվաստումները
Հայաստանում մեկնարկել են պոլիոմիելիտի դեմ երեխաների պատվաստումները

Հայաստանում մեկնարկել են պոլիոմիելիտի դեմ մինչև 5 տարեկան երեխաների պատվաստումների ազգային օրերը, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Պատվաստումների առաջին փուլը կանցկացվի սեպտեմբերի 22-26-ը, իսկ երկրորդը կսկսվի հոկտեմբերի 27-ին և կշարունակվի մինչև 31-ը, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը գերատեսչության մամուլի ծառայությունից տրամադրված հաղորդագրությունում։

«Պատվաստումների ենթակա են պատվաստման`1 տարեկանից մինչև 5 տարեկան բոլոր երեխաները` անկախ պատվաստումային կարգավիճակից, ինչպես նաև 6-12 ամսական երեխաները, ովքեր չեն ավարտել կամ ընդհանրապես չեն ստացել պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Պոլիոմիելիտի պատվաստումների ազգային օրերին առաջին երեք օրվա ընթացքում պատվաստումներն իրականացվելու են են բուժկանխարգելիչ կազմակերպություններում (պոլիկլինիկա, ամբուլատորիա, առողջության կենտրոններում)  և մանկական  կազմակերպություններում (մանկապարտեզ, մանկատուն, հատուկ կրթական կազմակերպություններ): Հաջորդ  օրերին պատվաստումներից դուրս մնացած երեխաներին ընդգրկելու նպատակով թույլատրվում է պատվաստումները կատարել տներում:

«Պոլիոմիելիտի պատվաստումների ազգային օրերին կիրառվելու է նույն պատվաստանյութը, ինչ պլանային պատվաստումների իրականացման ժամանակ` ֆրանսիական «Սանոֆի Պաստեր» ընկերության արտադրության պատվաստանյութը,
(1 դեղաչափ` 2 կաթիլ` 0.1 մլ) որը կաթեցվում է կաթոցիչի օգնությամբ  անմիջապես երեխայի բերանի խոռոչ»,- հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Միաժամանակ նախարարությունից ընդգծեցին, որ պոլիոմիելիտի դեմ պատվաստումները երեխաների մոտ գերազանցապես ընթանում են առանց կողմնակի երևույթների` գործնականում չառաջացնելով հետպատվաստումային շրջանում ոչ մի անբարեհաջող դեպք: Որոշ դեպքերում կարող են դիտվել ընդհանուր ռեակցիաներ` գլխացավ կամ մկանային ցավ, լուծ, որոնք կարճատև են և արագորեն անցնում են:

«Ծնողներից շատերի կարծիքով, հանրապետությունում այլևս չեն արձանագրվում պոլիոմիելիտի դեպքեր, հետևաբար պատվաստվելու կարիք չկա, սակայն նման կարծիքը ճիշտ չէ, քանի որ միայն կանոնավոր պատվաստումն է թույլ տալիս կանխարգելել հիվանդության տարածումը»,- ընդգծեցին նախարարությունից։

Միաժամանակ Առողջապահության նախարարությունը նշում է, որ հանրապետությունում վերջին տարիներին կուտակվել է ընկալունակ երեխաների մի ստվար զանգված, ովքեր չեն պատվաստվել պոլիոմիելիտի դեմ՝ ծնողների հրաժարվելու պատճառով:

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, երկրում պոլիոմիելիտի վերջին դեպքը գրանցվել է 1996թ. հունիսին, իսկ ավելի վաղ՝ 1990-1996թթ. ժամանակահատվածում, Հայաստանում յուրաքանչյուր  տարի գրանցվում էր 1-12 դեպք։

Հայաստանը դասվում  է պոլիոմիելիթով հիվանդածության բարձր ռիսկի երկրների շարքին, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցոգովինայի, Վրաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքիայի հետ միասին։

Պոլիոմիելիտը (կամ մանկական անդամալուծությունը) կենտրոնական նյարդային համակարգը, առաջին հերթին՝ ոսկրածուծն ախտահարող մանկական կամ պատանեկան տարիքի վիրուսային վարակիչ հիվանդություն է, որի արդյունքում կարող են զարգանալ մնացորդային կաթվածներ և դեֆորմացիաներ։ Պոլիոմիելիտն անբուժելի է, և դրա դեմ պայքարի միակ միջոցը կանխարգելումն է:

Պոլիովիրուսն օրգանիզմ է թափանցում բերանով և այնուհետև արագորեն բազմանում աղիներում: Հիվանդության սկզբում դիտվում են ջերմության բարձրացում, թուլություն, գլխացավ, փսխում, պարանոցի շրջանում շարժումների սահմանափակում և ցավ վերջույթներում: Մոտ 200 վարակված անձից մեկի մոտ պոլիովիրուսը բերում է մնայուն պարալիչի (սովորաբար ստորին վերջույթներում): Պարալիզված երեխաների 5–10%-ը մահանում են շնչառական օրգանների մկանների ախտահարման հետևանքով։

Ներկայումս տվյալ վիրուսով վարակվելու ռիսկը առկա է չորս եկրներում՝ Աֆղանստանում, Հնդկաստանում, Նիգերիայում և Պակիստանում։ Միայն 2007թ. ընթացքում այդ երկրներում պոլիոմիելիտով վարակվել է շուրջ երկու հազար երեխա։ -0-