Վաղարշապատի փողոցներից մեկն անվանակոչվեց Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոս Վազգեն Ա-ի նունով

22.09.2008, 13:11
Վաղարշապատի փողոցներից մեկն անվանակոչվեց Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոս Վազգեն Ա-ի նունով
Վաղարշապատի փողոցներից մեկն անվանակոչվեց Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոս Վազգեն Ա-ի նունով

Վարշապատ (ավելի վաղ՝ Էջմիածին) քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Կիրովի փողոցը, վերանվանվեց Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոս Վազգեն Ա անունով՝ Հայրապետի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

«Անգնահատելի է Էջմիածնի հոգևոր ժառանգությունը, բայց իմ սերնդակիցների համար այն հարստացել է ևս մեկ ուխտատեղիով` Վազգեն Առաջինի գերեզմանով»,- հայտարարեց Վաղարշապատի քաղաքապետ Գագիկ Ավագյանը շաբաթ օրը տեղի ունեցած միջոցառման ընթացքում, հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ավագյանի խոսքերով, «պատմությունը դեռ երկար կխոսի Վազգեն Վեհափառի մասին, բայց քաղաքային իշխանությունները պարտավոր են միշտ նորոգ ու բարետես պահել մեծ Հայի, մեծ Հոգևորականի, մեծ Հայրենասերի անունը կրող փողոցը»։

Այնուհետև տեղի ունեցավ փողոցի օրհնության արարողությունը, որից հետո ներկաներին իր Հայրապետական իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ ընդգծելով Վազգեն Առաջինի բացառիկ դերակատարությունը Հայրենիքի և Եկեղեցու շենացման գործում։

«Իրապես խնդություն է ոչ միայն Էջմիածին քաղաքում, ոչ միայն հայորդյաց հոգիներում, այլև երկնքի բարձունքներում, որտեղից այս պահին իրենց հայացքներն են ուղղել դեպի մեզ Հայոց 131 Հայրապետները և իրենց օրհնությունն են բերում Ձեզ, որ երախտագետ հոգիներով մեծարում եք Վազգեն Ա` մեր սիրելի Հայրապետի գործը և վաստակը»,- ասաց Գարեգին Երկրորդը։

Նա ընդգծեց, որ Հայոց Հայրապետը խորհրդային դժվարին տարիներին կարողացավ իր հայրենասեր ու աստվածասեր ոգին փոխանցել մեր զավակներին, որպեսզի ազգը հայոց իր Մայր Հայրենիքում կարողանա ապրել սիրով առ Հայրենին՝ հակառակ բոլոր ճնշումների և հետապնդումների։

Արարողությունն ավարտվեց Հայրապետական «Պահպանիչով»:

Ամենայն Հայոց 130-րդ Վազգեն Ա Կաթողիկոսը (աշխարհիկ անունը՝ Լևոն Պալչյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին Բուխարեստում։ Նա գլխավորել է Հայ Առաքելական Եկեղեցին 1955-1994թթ.-ին։

Այս տարվա ընթացքում Հայրապետի 100-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում և Հայաստանի մարզերում։ -0-