Հայկական մամուլում բացակայում է բազմակարծությունը. ընդդիմադիր քաղաքական գործիչ

Այսօրվա հայկական մամուլում բացակայում է բազմակարծությունը, կարծում է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։
«Ավտորիտար ռեժիմը ազատ ԶԼՄ-ների թշնամին է։ Նման իշխանության դեպքում մամուլը լիովին վերահսկվում է իշխանության կողմից»,- ասաց նա ուրբաթ Մամուլի ազգային ակումբում «ԶԼՄ-ների ազատությունը և դրանցում բազմակարծության ապահովումը» թեմայով քննարկման ժամանակ։
Նա ավելացրեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումները նպատակ ունեին թույլ չտալ «Ա1+» ընդդիմադիր հեռուստաընկերության աշխատանքի վերսկսումը, ինչպես դա պահանջում են եվրոպական կազմակերպությունները։
Իր հերթին, Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը նշեց, որ հայկական մամուլում որոշ չափով բազմակարծություն կա, սակայն հիմնական խնդիրն այլ է։
Պատգամավորն ընդգծեց այն փաստը, որ հայկական մամուլը հեղեղված է հարցազրույցներով ու քաղաքական ինտրիգների լուսաբանմամբ, այնինչ լուրջ վերլուծական հոդվածներ գրեթե չկան։
«Առանց բազմակարծության չկա ժողովրդավարություն։ Բայց բազմակարծություն նշանակում է ազատորեն խոսել ոչ թե անհատի, այլ երևույթի մասին»,- ասաց Առաքելյանը։
Քննարկումը տեղի ունեցավ Մամուլի ազգային ակումբի և ԱՄՆ ժողովրդավարության ազգային ինստիտուտի «Հայաստանում քաղաքական կուլտուրայի ձևավորումն ու կայացումը» համատեղ ծրագրի շրջանակներում։ --0--