Մեդվեդևը ՀՀ նախագահին և բոլոր քաղաքացիներին շնորհավորել է անկախության օրվա կապակցությամբ

19.09.2008, 18:41
Մեդվեդևը ՀՀ նախագահին և բոլոր քաղաքացիներին շնորհավորել է անկախության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորել է սեպտեմբերի 21-ին նշվող Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։  

«Վերջին տարիներին Հայաստանն էական հաջողությունների է հասել պետականության ամրապնդման, տնտեսության զարգացման գործում, զգալիորեն ամրապնդել է իր հեղինակությունը միջազգային ասպարեզում»,- ասվում է ռուսական պետության ղեկավարի շնորհավորական ուղերձում։   

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանում բարձր են գնահատում երկու երկրների միջև հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը։ 

«Համոզված եմ, որ վստահությունը, դինամիկ քաղաքական երկխոսությունը և գործնական արդյունավետ փոխգործակցությունը այսուհետ ևս կծառայեն ռուս-հայկական դաշնակցային կապերի խորացմանը։ Դա լիովին համապատասխանում է մեր երկրների շահերին, Կովկասում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովմանը»,- նշվում է ուղերձում։  

«Հարգարժան Սերժ Ազատի, Ձեզ մաղթում եմ ամուր առողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Հայաստանի ժողովրդին՝ բարօրություն ու բարգավաճում»,- ասվում է փաստաթղթում։ --0--