Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը մտադիր է աջակցել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը (Marie L.Yovanovich) մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել` հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը նպաստելու համար։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս մասին դեսպանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնելու արարողության ժամանակ։
Իր հերթին նախարարը շնորհավորել է նրան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության կատարման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը և հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության և համագործակցության ամրապնդմանը:
ԱՄՆ սենատը օգոստոսի 1-ին հավանություն է տվել Մարիա Յովանովիչի (Marie L.Yovanovich) թեկնածությանը՝ որպես Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի: Նրա թեկնածությունը առաջ է քաշվել ԱՄՆ նախագահ Բուշի վարչակազմի կողմից ընթացիկ տարվա մարտին։
Այդ որոշումը միանշանակորեն չի ընդունվել ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից, քանի որ հունիսի 19-ին ելույթ ունենալով սենատի արտաքին կապերի կոմիտեում, Յովանովիչը խուսափեց ցեղասպանություն կոչել 1915 թ.-ի հայկական եղեռնը Օսմանյան Թուրքիայում՝ բնորոշելով այդ չարագործությունը որպես «զանգվածային սպանություն էթնիկական հողի վրա և Օսմանյան կայսրության մայրամուտին կես միլիոն հայի բռնի տեղահանում»։
Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով Հայաստանից Էվանսի ետկանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչեցված հայտարարություններն էին:
2007 թ.-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը այդ պաշտոնի համար ներկայացրեց դիվանագետ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը բազմաթիվ անգամ ներկայացվել էր Կոնգրեսի հաստատմանը, սակայն չէր հաստատվել՝ հայկական լոբբիի ջանքերով։ Հոգլանդի թեկնածությունը մերժվել էր հայկական լոբբիի կողմից այն պատճառով, որ դիվանագետը չէր ցանկացել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունն ընդունել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանություն։--0--