Ղարաբաղի թեմայով բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում կարող են հակամարտության լուծման բերել. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող ղարաբաղյան բանակցությունները կարող են բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչի (Marie L.Yovanovich) հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության վարչությունից, Նալբանդյանն ու Յովանովիչը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին:
Այս առնչությամբ նախարարը նշեց, որ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի գործող ձևաչափն է, որն ապացուցել է իր կենսունակությունը և վայելում է միջազգային հանրության աջակցությունը:
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին իրադարձություններին` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել ե շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկար է:
Հանդիպման ընթացքում ԱՄՆ նորանշանակ դեսպան Յովանովիչը, որը հինգշաբթի է Երևան ժամանել, հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հանձնեց իր հավատարմագրերի պատճեները։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-