Քենդի փղիկի մահվան պատճառը ներքին թունավորումն է եղել. փորձագետներ

Երևանի պետական կենդանաբանական այգում բնակվող 23-ամյա Քենդի փղիկի մահվան պատճառ է հանդիսացել ներքին թունավորումը, տեղեկացրեց այգու իրավաբան Կարեն Աղաջանյանը։
«Հերձումը ցույց է տվել, որ կերակուրը չմարսելը ներքին թունավորման է հանգեցրել», - ասաց Աղաջանյանը ուրբաթ լրագրողներին՝ հղում անելով հայ մասնագետների փորձաքննության արդյունքների վրա։
Փիղը մահացել է օգոստոսի 29-ի երեկոյան, հերձման ժամանակ նրա ստամոքսում մեծ քանակությամբ կերակուր է գտնվել, ինչի արդյունքում էլ կանգ է առել ստամոքսի աշխատանքը։
Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանն իր հերթին ավելացրեց, որ մահվան օրը փիղն ընդունել է նույն կերակուրը, ինչ իր ամուսին Հրանտ փղիկը։ Փղերի կերակրացանկը բաղկացած է թարմ կանաչեղենից, հացից և բանջարեղենից։
«Փղիկի մահը մեզ համար գաղտնիք է մնում։ Այս կենդանիների կերակրացանկը կազմված է Մոսկվայի կենդանաբանական այգու կերակրացանկի հիման վրա, սակայն յուրաքանչյուր կենդանու օրգանիզմն ունի իր յուրահատկությունները», - ավելացրեց նա։
Միաժամանակ Աբովյանը նշեց, որ Երևան բերելու ժամանակ Քենդին աչքի չէր ընկնում «փայլուն առողջությամբ և փթթող արտաքին տեսքով»։
«Որոշ ժամանակ մեր կենդանաբանական այգում անցկացնելուց հետո փիղը տեսքի էր եկել, գիրացել։ Նրա համար ստեղծվել էին, այսպես կոչված, ամառանոցային պայմաններ։ Չէ որ Մոսկվայում նրան պահում էին փոքրիկ վանդակում, և վերջին վեց տարվա ընթացքում նա արդեն ելույթ չէր ունենում բեմում», - ասաց նա։
Աբովյանի պատմելով, կնոջ մահից հետո Հրանտ փղիկը «ստրեսային վիճակում» է հայտնվել։
«Մահից որոշ ժամանակ առաջ Քենդին հրաժարվել էր կերակրից։ Ես նկատեցի, որ այդ օրը փղերի մոտ հարաբերություններն ավելի նուրբ են, նրանք միմյանց էին փաթաթել կնճիթները, կարծես հրաժեշտ էին տալիս», - պարզաբանեց տնօրենը։
Նրա խոսքերով, մահվան պատճառների առանձին փորձաքննություն է անցկացրել նաև Մյունխենից ժամանած մասնագետ Հենինգ Վիզները։ Օտարերկրյա մասնագետի փորձաքննության տվյալներն ամբողջովին համըկնկում են հայկական կողմի արդյունքների հետ։
Փղի մարմինը թաղվել է Երևանի կենդանաբանական այգու տարածքում։
Հրանտ փղիկի հարսնացուն բերվել էր Մոսկվայից 2007 թ. դեկտեմբերին։ Փղիկի ձեռքբերման և նրա Երևան տեղափոխման համար հայկական «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը (այգու գլխավոր հավոնավոր) տրամադրել էր շուրջ 150 հազ. ԱՄՆ դոլար։
Մաշային տրվել էր Քենդի անունը՝ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ, որպեսզի փղերի զույգը դառնար «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Քենդի» հրուշակեղենի գործարանի անվանակիցը։
Հրանտիկ փիղը Երևանի կենդանաբանական այգի բերվեց 1999 թվականին «Գրանդ Հոլդինգի» ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այդ ժամանակից Հրանտիկը դարձավ ընկերության խորհրդանիշը և հայ երեխաների սիրելին։ Մինչ Մաշային ձեռքբերելը հովանավոր-ընկերության ղեկավարությունը Հրանտիկի համար Հնդկաստանից և Շրի Լանկայից զուգընկեր բերելու մի քանի անհաջող փորձեր էր արել։-0-