Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հոկտեմբերի 6-ից սկսում է մուտքի բիոմետրիկ արտոնագրերի տրամադրումը

18.09.2008, 20:00
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հոկտեմբերի 6-ից սկսում է մուտքի բիոմետրիկ արտոնագրերի տրամադրումը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հոկտեմբերի 6-ից սկսում է մուտքի բիոմետրիկ արտոնագրերի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը սույն տարվա հոկտեմբերի 6-ից ներմուծում է մուտքի բիոմետրիկ արտոնագրերի տրամադրման նոր համակարգ, ասաց Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ժակի Շարոտը։

«Համակարգը ենթադրում է, որ հյուպատոսական բաժնի աշխատակիցներն անմիջապես տեղում մուտքի արտոնագրեր ստանալ ցանկացողներից մատնահետքեր կվերցնեն ու թվային լուսանկարներ կանեն։ Ենթադրվում է, որ այս գործողություններն ընդամենը երկու րոպե կխլեն»,- հինգշաբթի Շարոտն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Ինչպես պարզաբանեց հյուպատոսը, յուրաքանչյուր քաղաքացուց մատնահետք երեք անգամ է վերցվելու. սկզբում՝ աջ ձեռքի չորս մատի մատնահետքերը, հետո նաև՝ ձախի և վերջում՝ բթամատների մատնահետքերը։ Մատնահետք չի վերցվի միայն մինչև վեց տարեկան երեխաներից։   

Մատնահետքերը վերցնելու արարողակարգից հետո, Շարոտի խոսքերով, կարվեն թվային լուսանկարները։ Ինչպես տեղեկացրեց հյուպատոսը, արարողակարգը մեծ անհարմարություն չի պատճառի մուտքի արտոնագիր ստանալ ցանկացողներին, քանի որ արդեն 2 տարի է, ինչ գործում է Ֆրանսիայի 20 դեսպանատներում ողջ աշխարհով մեկ, այդ թվում նաև հարևան Վրաստանում։ 

«Համակարգը գործում է առանց խոչընդոտների ու դժվարությունների ինչպես վարչական աշխատակազմի, այնպես էլ մուտքի արտոնագիր ստանալ ցանկացողների համար։ 2009 թ.-ից Ֆրանսիայի ևս 50 դեսպանատներում ամբողջ աշխարհում կներմուծվի մուտքի բիոմետրիկ արտոնագրերի համակարգը, մասնավորապես, Մոսկվայի ու Բաքվի դեսպանատներում»,- ասաց Շարոտը։ 

Ընդ որում հյուպատոսը նշեց, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն առաջինը չէ, որ կիրառում է մուտքի բիոմետրիկ արտոնագրերի համակարգը, նման արտոնագրեր տրամադրվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Բուլղարիայի դեսպանատներում, իսկ Գերմանիայի դեսպանատունը ծրագրում է ներդնել այդ համակարգը 2009 թ.-ի գարնանից։ 

Շարոտն ավելացրեց, որ մուտքի բիոմետրիկ արտոնագրերի համակարգը ներմուծվում է անվտանգության մակարդակի բարձրացման, անօրինական միգրացիայի և փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի խստացման համար։ Հյուպատոսը տեղեկացրեց, որ ծագող անհարմարությունները մեղմելու համար Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական բաժինն արդեն սկսել է նախնական զանգով արտոնագրերի տրամադրման համար ընդունելության գրանցումը։   

«Նոր համակարգի ներմուծմամբ մենք արդեն չենք կարողանա ձևակերպման համար փաստթղթեր ընդունել առանց տվյալ անձի ներկայության։ Ֆրանսիայի օրենսդրությունը տվյալ կանոնից միայն երկու բացառություն է նախատեսում. նախագահի և վարչապետի համար»,- հայտնեց Շարոտը։ 

Ֆրանսիայի մուտքի արտոնագրի տրամադրման համար վճարումը 60 եվրո է կազմում։ --0--