Գևորգյան Հոգևոր Ճեմարանում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվա բացման արարողությունը
Անցյալ երեքշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդարանում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2008-2009 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը:
Նոր ուսումնական տարվա բացման առիթով ճեմարանի սաներին շնորհավորեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։ Մեծապես կարևորելով եկեղեցու և բանակի համագործակցությունը` Օհանյանն ընդգծեց, որ այսուհետ այդ համագործակցությունը նոր որակ կստանա։
Նախարարը նշեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և հայոց բանակի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ համատեղ մշակել են մի ծրագիր, համաձայն որի ոչ միայն հոգևորականները բանակում կիրականացնեն հոգևոր կրթադաստիարակչական առաքելություն, այլև բարձրաստիճան զինվորականները դասընթացներ կանցկացնեն հոգևոր կրթօջախներում:
Իր հերթին Նորին Սրբությունն անդրադարձավ հոգևորականի կոչմանն ու առաքելությանը ժողովրդի կյանքում` լինելու սերմնացաններ հայոց անդաստանում:
«Առաջին պատգամը, որ այսօր հնչում է մեր սաների համար, սերմնացանի առակն է: Դաշտն իրենց` հայորդյաց հոգին է, որ պիտի հերկեն և պիտի մշակեն: Եվ այնտեղ պիտի ցանեն բարի հունդեր, որպեսզի արդյունքը լինի բեղուն և արգասաբեր», - նշեց Վեհափառ հայրապետը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, ՀՀ Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կառավարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասծատրյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ: --0--