«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն երկու տարվա ընթացքում ծրագրում է ավարտել Երևանի էներգետիկ օբյեկտների վերանորոգումը

18.09.2008, 15:51
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն երկու տարվա ընթացքում ծրագրում է ավարտել Երևանի էներգետիկ օբյեկտների վերանորոգումը
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն երկու տարվա ընթացքում ծրագրում է ավարտել Երևանի էներգետիկ օբյեկտների վերանորոգումը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն երկու տարվա ընթացքում ծրագրում է ավարտել Երևանի էներգետիկ օբյեկտների վերանորոգումը, ասաց «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը։ 

«Ընկերությունն արդեն սկսել է «ՎՏԲ-Հայաստան» բանկից տրամադրված 30 մլն դոլար վարկի իրացումը, որն ամբողջովին ուղղված կլինի Երևանի էներգետիկ համակարգի վերանորոգմանը, մասնավորպես, 35 կՎ հզորությամբ երկու ենթակայանների և 110 կՎ հզորությամբ մեկ ենթակայանի շինարարությանը, ինչպես նաև մայրաքաղաքի ցանցային տնտեսության վերականգնմանը»,- հինգշաբթի ասաց Գլադունչիկը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։   

Բացի այդ, նրա խոսքերով, այսօր Երևան է ժամանել մեծ պատվիրակություն Չինաստանից, որը հաղթել է ողջ հանրապետության ենթակայանների վերականգնման մրցույթում։ Ենթակայաններից 10-ը գտնվում են Երևան քաղաքի ծայրամասերում։

«Համալիր մոտեցումը շատ լավ և զգալի արդյունքներ կտա, առաջին հերթին էլեկտրամատակարարման հուսալիություն ու անընդհատություն և ցանցի անվտանգություն»,- ասաց Գլադունչիկը։

Նա նշեց, որ ծրագրված ցուցանիշների համաձայն, Երևանում վերանորոգման ծրագիրը նախատեսվում է լիովին ավարտել երկու տարում։

«ՎՏԲ-ն պայմանագրի իր պարտավորությունները կատարել է, ինչը եթե ոչ սխրանք, ապա շատ մեծ բան է, քանի որ վարկը տրվում է բարդ ֆինանսական ժամանակահատվածում։ Ճիշտն ասած, մենք շատ էինք անհանգստանում այդ վարկի առնչությամբ, բայց մեզ մոտ ամեն ինչ հաջողվեց ու ստացվեց»,- ամփոփեց Գլադունչիկը։   

Իր հերթին ՎՏԲ բանկ ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը նշեց, որ «Էլեկտրացանցերի» հետ համագործակցությունն այդքանով չի ավարտվի։

«Հուսով եմ, որ ընկերությունը բարեհաջող կերպով կկատարի սարքավորումների նորացման իր ներդրումային ծրագիրը, և մեր բանկը հետագայում էլ կշարունակի ֆինանսավորել նման նախագծերը, ինչը բավականին խոշոր ներդրում է Հայաստանում»,- ասաց Օվսյաննիկովը։   

2007 թ.-ի հունիսին ընկերության ու բանկի միջև էլեկտրացանցերին 70 մլն. դոլարի չափով երկարաժամկետ վարկ տրամադրելու մասին համաձայնագիր է ստորագրվել` լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։ 

Վարկի առաջին տրանշը հատկացվել է 2008 թ.-ի օգոստոսի 26-ին ստորագրված պայմանագրի համաձայն։ Հատկացված գումարի չափը 30 մլն. դոլար է կազմել՝ տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։ --0--