ՀՀ վարչապետն ու ՀԲ պատվիրակությունը քննարկել են համագործակցությունը կրթության ոլորտում
Հայաստանում Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի իրականացման հարցերն են չորեքշաբթի քննարկել ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը և ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսն ու կրթության ծրագրերի ղեկավար Խուան Մանուել Մորենոն։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀԲ առաքելության անդամները Սարգսյանին պատմել են կրթական ոլորտում ՀԲ-ի կողմից մինչ այսօր իրականացված և առաջիկա 4 տարիներին բանկի կողմից երկրին օժանդակության ռազմավարության (ԵՕՌ) շրջանակներում նախատեսվող կրթական ծրագրերի մասին։
Առաքելության անդամները ՀՀ վարչապետից հետաքրքրվել են նաև հիշյալ ոլորտում ՀՀ կառավարություն ռազմավարության ներկայացված ծրագրի վերաբերյալ նկատառումների մասին, քննարկել` առաջիկա տարիների նախապատրաստական աշխատանքների պատկերացումները:
Բանկի ներկայացուցիչները հայտնեցին, որ ՀԲ-ն նախատեսում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրագույն դպրոցում կառավարության ծրագրերին օժանդակության, անհրաժեշտ ներդրումների միջոցով բարելավել իրավիճակը` անդրադառնալով ոլորտի մինչ այժմ տեսադաշտից դուրս մնացած բացերին ևս:
Իր հերթին վարչապետն ընդգծել է, որ կրթական ոլորտը ՀՀ կառավարության ծրագրով նախանշված գերակայությունների շարքում է, և այսօր չափազանց կարևորվում է կրթական համակարգի արդիականացման, կրթության որակի բարձրացման խնդիրը:
Նշելով, որ համակարգի ներկայիս վիճակը ՀՀ կառավարությանը չի բավարարում, Տիգրան Սարգսյանը կարևորել է ճիշտ կառավարման համակարգի ներդրումը, որպեսզի «ոլորտում նախատեսվող ծրագրերը չմնան սոսկ թղթի վրա»։ «Որակի չափանիշները կարևոր է ոչ միայն մշակել, ներդնել, այլ նաև` պատշաճ վերահսկել և խստապահանջ լինել կարևորագույն այս ոլորտի նկատմամբ»,- ասել է վարչապետը:
ՀՀ կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Լիսաբոնյան հռչակագիրը միանգամայն համընկնում է ՀՀ կառավարության պատկերացումներին, ըստ որի` կարևորվում է համալսարանների վրա հիմված հասարակության ձևավորումը:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` շահագրգիռ համագործակցության և կրթական ոլորտում կառավարության ծրագրերին օժանդակության պատրաստակամության համար:--0--