Բնապահպանական կրթական ծրագրի շրջանակներում Հայաստանում և Արցախում նախատեսվում է ստեղծել էկոակումբներ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բնապահպանական կրթական տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում և Արցախում երիտասարդության մասնակցությամբ էկոակումբների ստեղծում է նախատեսվում, ինչպես նաև «Պահպանիր բնությունը» վեցամսյա բնապահպանական քարոզչության անցկացում, հայտնեց Հայաստանում Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
«VivaCell-MTC ընկերության հետ համատեղ հիմնադրամը 2006 թ.-ից բնապահպանական կրթական ծրագրեր է մշակում՝ առաջնորդվելով հասարակության հանդեպ պատասխանատվության, արժեքներին ծառայելու սկզբունքներով, որոնք ուժ են տալիս՝ արժանի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ստեղծելուն»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին։
Խաչատրյանը հայտնեց, որ առաջին էկոակումբն արդեն գործում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։
Իր հերթին VivaCell-MTC ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանն ասաց, որ «երեխաներին վաղ մանկությունից պետք է ճիշտ դաստիարակել, իսկ դաստիարակությունը շատ ուղղություններ ունի, որոնցից ամենակարևորը մաքուր շրջակա միջավայրում ապրել սովորեցնելն է»։
Նա ցավով նշեց, որ տվյալ ուղղությունը հայ երեխաների դաստիարակության մեջ այսօրվա դրությամբ բացակայում է։ Դրա վառ օրինակը, Հիրիկյանի կարծիքով, այն դեպքերն են, երբ մարդիկ իրենցից հետո աղբ են թողնում հանգստի գոտիներում և քաղաքներում՝ աղտոտելով շրջակա միջավայրը։
Հիրիկյանը վստահ է, որ «դեռևս վաղ մանկությունից անհրաժեշտ է երեխաներին մաքրության սովորեցնել տանը, բակում, քաղաքում, քանի որ դա ապագա սերունդների առողջության հիմքն է»։
Բնապահպանական կրթական ծրագիրն իրականացվում է հայկական VivaCell-MTC հեռահաղորդակցական ընկերության, Հայաստանում Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) համատեղ ջանքերով։
Հայաստանի մարզերում և Արցախում բնապահպանական կրթական ծրագիրն իրականացնելու համար հայկական VivaCell-MTC հեռահաղորդակցական ընկերությունն ավելի քան 102,6 մլն դրամ (339 հազար ԱՄն դոլար) գումար է հատկացրել։ --0--