Երևանում Ռուսաստանի երկրագիտության և մշակույթի կենտրոն է բացվել

17.09.2008, 17:06
Երևանում Ռուսաստանի երկրագիտության և մշակույթի կենտրոն է բացվել
Երևանում Ռուսաստանի երկրագիտության և մշակույթի կենտրոն է բացվել

Չորեքշաբթի Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ Ռուսաստանի երկրագիտության և մշակույթի կենտրոնի բացումը։  

«Ռուսաց լեզուն ավանդաբար դասավանդվում է մեր բուհում սկսած 1935 թ.-ից, բայց ռուսագիտությունը մեզ համար նոր մասնագիտություն է»,- ասաց ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը բացման արարողության ժամանակ։

Ինչպես նշեց Զոլյանը, արտերկրյա մշակույթի ու պատմության ուսումնասիրությունը լեզվի հետ մեկտեղ լեզվաբանական կրթության ամենաարդյունավետ միջոցն է։ ԵՊԼՀ-ում դասավանդվում է ԱՄՆ և եվրոպական երկրների երկրագիտություն, իսկ նոր կենտրոնի բացմամբ համալսարանում կսկսվի Ռուսաստանի երկրագիտության ուսուցումը։  

Ռուսաստանի երկրագիտության ու մշակույթի կենտրոնի բացումը Բրյուսովի անվ. համալսարանում տեղի ունեցավ Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի(ՊՊԼՀ) հետ համագործակցության շնորհիվ։

«Մեր խնդիրը Կովկասում խաղաղ ապրելն է։ Միայն կրթության, մշակույթի, լեզուներ ուսումնասիրելու միջոցով է իսկական խաղաղություն հաստատվում»,- բացման արարողության ժամանակ ասաց ՊՊԼՀ պատվիրակության ղեկավար, բուհի ռեկտոր Ալեքսանդր Գորբունովը։

ԵՊԼՀ ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Գայանե Մարկոսյանի խոսքերով, Երևանի և Պյատիգորսկի լեզվաբանական համալսարանների միջև սերտ համագործակցություն կա, և ներկայումս ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր են մշակվում։

Ընթացիկ տարվա մարտին ԵՊԼՀ-ի և ՊՊԼՀ-ի միջև համագործակցության մասին  պայմանագիր է կնքվել, համաձայն որի Պյատիգորսկի համալսարանում հայկական մշակույթի ու հայոց լեզվի կենտրոն է բացվել։ --0--