ՀՀԿ-ն չի քննարկել ՀՀ նախկին նախագահ Քոչարյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցը

17.09.2008, 16:09
ՀՀԿ-ն չի քննարկել ՀՀ նախկին նախագահ Քոչարյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի դիտարկել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հնարավորությունը, ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Մենք բոլորովին վերջերս հավանություն տվեցինք Տիգրան Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, ինչպես նաև հաստատեցինք նրա կառավարության ծրագիրը, և ես կարծում եմ, որ նա լիովին ընդունակ է լուծել իր առջև դրված խնդիրները»,- չորեքշաբթի ասաց Շարմազանովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդ որում նա կարծիք հայտնեց, որ Քոչարյանի կառավարման տարիները, բոլոր թերություններով հանդերձ, «նվաճումների տարիներ են եղել»։  

Հովիկ Աբրահամյանին խոսնակի պաշտոնում նշանակելու մասին ՀՀԿ խորհրդի որոշման առնչությամբ հայ հասարակությունում ակտիվորեն տարբեր լուրեր են պտտվում կադրային փոփոխությունների մասին։ Ամենատարածված տարբերակն այն է, որ Աբրահամյանին Ազգային Ժողովի ղեկավարի պաշտոնում նշանակելը, իբրև թե, վարչապետի աթոռը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին տրամադրելու նախապատրաստությունն է։

ՀՀ խորհրդարանի գործող խոսնակ Տիգրան Թորոսյանը երեքշաբթի հայտարարեց իր հրաժարականի և ՀՀ իշխող Հանրապետական կուսակցությունից հեռանալու մասին։ --0--