500 հազ. եվրո Գյումրու պատմական կենտրոնի վերականգնման համար

17.09.2008, 13:22
500 հազ. եվրո Գյումրու պատմական կենտրոնի վերականգնման համար

Իտալիայի ԱԳՆ-ն հաստատել է Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վերականգնման և նպատակային օգտագործման` ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած ծրագիրը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, Գյումրի պատմական կենտրոնի՝ Կումայրու վերականգնման ծրագիրը քննարկվել է նախօրեին՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիի և ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող, մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի միջև հանդիպման ժամանակ։

«Ւտալիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրին է հատկացրել 500 հազ. եվրո Հայաստանում այս ծրագրի իրականացման համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, կիրականացվի 19-րդ դարում կառուցված պատմական մի շինության վերականգնում, որը նախորդ ամիս հավանության է արժանացրել ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը։ «Վերականգնումից հետո այս շինությունը ծրագրվում է վերածել մշակութային կենտրոնի», - տեղեկացնում է  գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կումայրու պատմամշակութային և ճարտարապետական կերպարի վերականգնման ծրագիրը հաստատվել էր կառավարության կողմից՝ ընթացիկ տարվա հունիսի 13-ին, ծրագրվում է ավարտել ծրագիրը մինչև 2012 թ.-ը։

Գյումրին (նախկին Լենինական) Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, Շիրակի մարզի վարչական կենտրոնը։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1550 մետր բարձրության վրա, Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում, մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա։

Քաղաքի մասին առաջին հիշատակումն արվել է մ.թ.ա. VII-VI դարերում։ Մինչև 1840 թ.-ը քաղաքը կրում էր Կումայրի անունը, 1840-1924 թթ.՝ Ալեքսանդրապոլ, 1924-1991 թթ.՝ Լենինական։ 1991 թ.-ից հետո քաղաքին վերադարձվել է նրա պատմական անվանումը։-0-