ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Պուտինին` Պերմում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

16.09.2008, 19:41
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Պուտինին` Պերմում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

ՌԴ Պերմի երկրամասում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի ցավակցական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում Մոսկվա-Պերմ չվերթի «Բոինգ-737» ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային կյանքեր է խլել: Անկեղծորեն վշտակցելով տեղի ունեցածի համար՝ խնդրում եմ մեր ցավակցությունները փոխանցել սոսկալի վթարի հետևանքով ողբերգականորեն զոհվածների հարազատներին ու մտերիմներին»,- ասվում է ուղերձում:

Մոսկվա-Պերմ չվերթն իրականացնող «Բոինգ-737-500» ինքնաթիռը վթարի է ենթարկվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Ինքնաթիռն ընկել է Պերմի ծայրամասում՝ վնասելով Տրանսսիբիրյան մայրուղու հատվածը։ Օդանավում գտնվող բոլոր 88 ուղևորները զոհվել են։ --0--