Գարեգին Բ Կաթողիկոսն արժանացել է Վ.Բրյուսովի անվան շքանշանի՝ հայ-ռուսական կապերի զարգացման գործում ներդրման համար

16.09.2008, 19:30
Գարեգին Բ Կաթողիկոսն արժանացել է Վ.Բրյուսովի անվան շքանշանի՝ հայ-ռուսական կապերի զարգացման գործում ներդրման համար

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը պարգևատրվեց Վալերի Բրյուսովի անվան շքանշանով՝ հայ-ռուսական մարդկային և մշակութային կապերի զարգացման գործում կարևոր ներդրումների համար, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հայկական Եկեղեցու առաջնորդին շքանշանը Հայաստանի հետ Բարեկամության և համագործակցության ռուսական միության (ՀԲՀՌՄ) անունից հանձնեց միության նախագահ, Ռուսասատանի լրագրողների միության անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը՝ հանրապետությունում «Ռուսական խոսքի օրերի» անցկացման շրջանակներում Հայաստանում գտնվող ռուս հայտնի լրագրողների, գրականագետների, խմբագիրների, գրողների և Գարեգին Բ-ի հանդիպման ընթացքում։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն  իր Հայրապետական օրհնությունը հղեց այս նախաձեռնության կազմակերպիչներին՝ կարևորելով նման միջոցառումների անցկացումը հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդման համար։

Իր հերթին ռուսական պատվիրակության ներկայացուցիչները նշեցին Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների կարևոր դերը երկու հավատակից ժողովուրդների միջև հումանիտար և մշակութային կապերի պահպանման և ամրապնդման գործում։

«Ռուսական խոսքի օրերն» անցկացվում են սեպտեմբերի 9-15-ը՝ ՀՀ Գրողների և Ժուռնալիստների միությունների կողմից, հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ։ 

Ռուսական պատվիրակության կազմում են գրողներ, թատերագետներ, «Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը, գրող, ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի համանախագահ Անդրեյ Նույկինը, գրող, թատերագետ, ՌՀԲՀՄ վարչության անդամ Կիմ Բակշին, պոետ, արձակագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Նիկոլայ Պերեյասլովը, պոետ, «Յունոստ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարյովը, Ռուսաստանի մշակույթի և արվեստի այլ հայտնի գործիչներ ։   –0-