Ընդդիմությունը որոշել էր հանրահավաքից հետո երթ չանցկացնել

16.09.2008, 10:50
Ընդդիմությունը որոշել էր հանրահավաքից հետո երթ չանցկացնել

Երկուշաբթի Երևանի կենտրոնում հանրահավաք կազմակերպած հայկական ընդդիմությունը որոշել էր քաղաքի փողոցներով երթ կազմակերպելու մտքից հրաժարվել, ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

Նա հիմնավորել է այս որոշումը նրանով, որ ընդդիմությունն ընդդառաջ է գնացել իշխանություններին, որոնք խնդրել են չանցկացնել երթ՝ հաշվի առնելով մեռելոցի օրը, որը նշվում է Հայաստանում Խաչվերաց տոնից հետո։

Զուրաբյանի խոսքերով, իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հետագայում ապահովել ընդդիմության ակցիաների օրինականությունը։

«Ընդդառաջ գնալով նրանց խնդրանքին՝ մենք այսօր հրաժարվում ենք երթ անցկացնելուց և ակնկալում, որ հանրահավաքներ և երթեր անցկացնելու մեր ծրագրերը կորոշվեն օրենքի շրջանակներում, այլ ոչ թե իշխանությունների ցանկությամբ», - ասել է Զուրաբյանը։

Զուրաբյանը նաև տեղեկացրել է, որ ընդդիմության հաջորդ հանրահավաքը նշանակված է սեպտեմբերի 26-ին՝ Երևանի Կենտրոն համայնքում թաղապետի ընտրություններից երկու օր առաջ, որոնցում մասնակցում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը։

Նրա խոսքերով, «հաջորդ հանրահավաքի ընթացքում կամփոփվեն երկրի ներքաղաքական դաշտում դինամիկ կերպով զարգացող իրադարձություններն ու կորոշվեն ապագա ծրագրերը»։

Ընդդիմության այսօրվա հանրահավաքն առաջին ակցիան էր, որն արտոնվել էր երկրի իշխանությունների կողմից մարտի 1-ի անկարգություններից հետո։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել երկու հարյուրից ավել մարդ։-0-