ՀՀ նախագահը ողջունում է տարածաշրջանում կայունության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը

13.09.2008, 15:55
ՀՀ նախագահը ողջունում է տարածաշրջանում կայունության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է տարածաշրջանում կայունության և անվտանգության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը։ 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։

«Ես բնական եմ համարում, որ մենք ողջունում ենք տվյալ նախաձեռնությունը։ Մենք իրավունք չունենք խուսափել որևէ քննարկումից, հատկապես եթե դրանք ուղղված են մեր անվտանգության ամրապնդմանը»,- ուրբաթ Սարգսյանն ասաց լրագրողներին։ 

Նա հիշեցրեց, որ Թուրքիան սկզբնապես հայտարարում էր, որ իրենց նախաձեռնությունը որևէ այլ կառույցի կամ ձևաչափի այլընտրանք չէ և ուղղված է միայն մթնոլորտի բարելավմանը։  

Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը չի խուսափի նման նախաձեռնություններից, քանի որ «շփումից ու քննարկումից խուսափում են ասելիք չունեցող ու բարդույթավորված մարդիկ»։  

«Մենք բարդույթներ չունենք, մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ունենք հարևաններ, որոնց մի մասի հետ հրաշալի հարաբերությունների մեջ ենք։ Հարևաններից մեկի հետ ոչ մի կապ չունեինք, մինչև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը, իսկ մյուսի հետ պետք է վերականգնենք ու բարելավենք փոխհարաբերությունները»,- ասաց Սարգսյանը։  

Տվյալ համատեքստում, ինչպես կարծում է երկրի ղեկավարը, Հայաստանը պետք է նախաձեռնող լինի և ակտիվորեն մասնակցի բոլոր շփումներին։

«Մենք ասելիք ունենք, երբեք չենք սահամանափակել մեզ թերարժեքության բարդույթներով և չենք էլ սահմանափակելու։ Մենք ոչնչով չենք զիջում ուրիշներին, ոչ էլ մեզ մյուսներից բարձր ենք դասում, բոլորին վերաբերվում ենք հարգանքով և ուզում ենք, որ մեզ նույնպես հարգեն»։ --0--