«Expo-Russia» ցուցահանդեսն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը

«Expo-Russia» արդյունաբերական ցուցահանդեսն առաջին անգամ կանցկացվի Երևանում՝ 2008 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ցուցահանդեսի կազմակերպիչները։
«Expo-Russia»-ն 2008 թ.-ի ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ծաղկաձորում տեղի ունեցած հայ-ռուսական գործարար համաժողովի տրամաբանական շարունակությունն է։ Երկու նախագծերի նպատակը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, մշակութային, քաղաքական, գիտատեխնիկական համագործակցության զարգացումն է, երկու երկրների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը», - նշվում է տեղեկատվության մեջ։
Կայանալիք ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։
Ինչպես տեղեկացրել է «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Վարտանովը, ցուցահանդեսը կազմակերպվելու է մի քանի թեմատիկ բաժիններով, այդ թվում՝ մեքենաշինություն, շինարարություն, տրանսպորտ, լեռնարդյունաբերություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն, բժշկություն և առողջապահություն։
Բացի թեմատիկ ցուցահանդեսից, «Expo-Russia»-ի հյուրերն ու մասնակիցները կկարողանան մասնակցել «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցության հեռանկարներ» կոնֆերանսին, ինչպես նաև կլոր սեղաններին և գործարար հանդիպումներին։
«Expo-Russia»-ն տեղի կունենա ՌԴ ԱԳՆ-ի, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, Հայաստանում Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցչության, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության, Խաղաղության հիմնադրամների միջազգային ասոցիացիայի, ՌԴ կրթության և գիտության նախարարությանը կից Կրթության դաշնային գործակալության, Ռուսաստանի մեքենաշինարարների միության, Ռուսական բանկերի ասոցիացիայի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անմիջական աջակցությամբ։
Ռուսաստանի հայերի միությունը՝ ի դեմս Արա Աբրահամյանի, բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում հայ-ռուսական այս նախագծին՝ «Expo-Russia Armenia» նախագծում ներգրավելով Կիրառական նանոտեխնիկայի ինստիտուտը։
Ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորների թվում են «Նովոստի-Արմենիա», «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունները, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը և այլ ընկերությունները-0-