Չեխիայի սենատի նախագահի այցը Երևան նոր էջ կբացի միջխորհրդարանական հարաբերություններում. Թորոսյան
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ Չեխիայի սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի այցը Երևան նոր էջ կբացի միջխորհրդարանական հարաբերություններում։
Թորոսյանը հիշեցրեց, որ սա Սոբոդկայի երկրորդ այցն է Երևան 2008 թ.-ին։ Առաջին անգամ նա ժամանել է ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ։ «Այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք ակտիվացնել հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունները։ Հարկ է նշել, որ անցյալ տարի մենք բավականին ակտիվ կապեր ենք ունեցել»,- ուրբաթ Թորոսյանն ասաց լրագրողներին։
Նրա խոսքերով, այս այցը չափազանց կարևոր է։
«Վստահ եմ, որ այս այցը նոր էջ կբացի հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերություններում։ Մեզ համար այդ հարաբերությունները կարևոր են ինչպես երկկողմ կապերի տեսակետից, այնպես էլ այն առումով, որ Չեխիան՝ որպես Եվրամիության անդամ, հնարավորություն ունի դեր խաղալ նաև Եվրամիության հետ մեր հարաբերություններում»,- ասաց Թորոսյանը։ --0--