Երևանում կայացավ Արշիլ Գորկու կյանքի մասին գիտաժողովը

12.09.2008, 18:31
Երևանում կայացավ Արշիլ Գորկու կյանքի մասին գիտաժողովը
Երևանում կայացավ Արշիլ Գորկու կյանքի մասին գիտաժողովը

Ուրբաթ Երևանում «Արշիլ Գորկին և Հայաստանը» թեմայով գիտաժողով անցկացվեց նկարչի հիշատակին նվիրված Օրերի շրջանակներում։

«Արշիլ Գորկին մեծ ներդրում ունի ժամանակակից գեղանկարչության զարգացման գործում՝ վիթխարի ազդեցություն ունենալով հայկական արվեստի ու մշակույթի վրա»,- «Ապաքաղաքականացվա՞ծ է արդյոք Արշիլ Գորկին» վերնագրով իր զեկույցում հայտարարեց արվեստի պատմաբան Վարդան Ազատյանը։

Նրա խոսքերով, գիտաժողովի նպատակը նկարչի դերը հայ ժողովրդի պատմության մեջ որոշելն է։ Այդ առնչությամբ փորձագետը նշեց, որ Գորկու աշխատանքների մեծամասնությունը նկարված է իր մանկության տարիների հիշողությունների հիման վրա. բանն այն է, որ նկարչի մանկությունն անցել է Օսմանյան կայսրությունում, որտեղ 20-րդ դարասկզբին ավելի քան մեկուկես միլիոն հայ ցեղասպանության զոհ դարձավ։   

Ընդ որում, Ազատյանը նշեց, որ չնայած քաղաքականության հանդեպ ունեցած անտարբերությանը, նկարիչն առանձնահատուկ կերպով հիանում էր Իոսիֆ Ստալինի անհատականությամբ՝ համարելով նրան «ժողովրդի հայր»։ «Ինչպես ասում էր հայտնի արվեստաբան Հարոլդ Ռոզենբերգը, Արշիլի՝ քաղաքականության հանդեպ ունեցած հետաքրքրությունը էմոցիոնալ-զգայական գունավորում ունի։ Նկարիչը մեծ «ստալինիստ» էր, այդ իսկ պատճառով Ստալինի կերպարը միշտ հետաքրքրություն ու հիացմունք էր առաջ բերում նրա մոտ»,-  նշեց փորձագետը։

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից եկած պրոֆեսոր Մարկ Չիանկին իր խոսքում ներկայացրեց նկարչի արվեստի սկզբնաղբյուրները և փորձեց բացահայտել Արշիլ Գորկու անհատականությունը։

«Նա շատ քչախոս մարդ էր և երբեք չէր խոսում իր ծանր մանկության մասին։ Ապագա նկարիչը փաստորեն մանկություն չի էլ ունեցել»,- ասաց պրոֆեսորը։   

Ընդ որում, արվեստաբան Աննա Գալստյանը նշեց, որ նկարչի գլխավոր ժառանգությունը քրոջը՝ Վարդուհուն, ուղղված նամակներն են , որոնք առանցքային դեր են խաղացել նրա անհատականության կերտման գործում։ «Հենց այդ նամակներում են բացվում նրա ամենագաղտնի մտքերը»,- ասաց նա։  

«Գորկու հիշատակին նվիրված օրերը Հայաստանում» անցկացվում են Երևանում և Էջմիածնում սեպտեմբերի 11-16-ը ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։  

Օրերի շրջանակներում կանցկացվի Վասպուրականի մանրանկարչության ցուցահանդեսը (հինավուրց ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում), իսկ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքները կցուցադրվեն Մինասի թանգարանում Ջաջուռ գյուղում։

Արշիլ Գորկին (իսկական անունը Ոստանիկ Ադոյան)՝ համաշխարհային ճանաչում ունեցող ժամանակակից նկարիչը, ծնվել է 1904 թ.-ին Արևմտյան Հայաստանում։ Գորկին 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի նկարիչներից մեկն է համարվում, նրա նկարները ցուցադրված են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև լոնդոնյան «Թեյթ»-ում։  

1915 թ.-ին 11 տարեկան հասակում նրան հաջողվեց խուսափել Օսամյան Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված հայերի կոտորածից։ Մոր հետ նա տեղափոխվեց Երևան։ Նրա մայրը՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանը, ծնունդով տոհմական հոգևորականների ընտանիքից էր։  

Մոր հետ շփումը հսկայական ազդեցություն է ունեցել նկարչի ապագայի վրա։ 1920 թ.-ին մոր մահից հետո 16-ամյա Ադոյանը գաղթել է ԱՄՆ, որտեղ էլ փոխել է անունը՝ դառնալով Արշիլ Գորկի։ Արվեստագետի իր կեղծանվան մեջ նկարիչը միավորել է Արշիլ (Ախիլ) անունն ու Գորկի ազգանունը իր սիրելի գրող Մաքսիմ Գորկու պատվին։  

Նա ուսումնասիրել է հին ժողովուրդների արվեստը և փորձել իրեն գեղանկարչության գրեթե բոլոր ժանրերում, մինչև գտել է իրեն մեկում՝ մաքուր վերացական նկարչության մեջ։

Նկարիչն արժանացավ հասարակության ճանաչմանը, սակայն 1948 թ.-ին նա իր մենեջերի հետ վթարի ենթարկվեց, որի արդյունքում Գորկին կոտրեց պարանոցը, և նրա աշխատող ձեռքը պարալիզվեց։ Դրանից հետո նրա կյանքում ծանր շրջան սկսվեց, որը կապված էր նաև կնոջ հեռանալու հետ։ Արդյունքում նկարիչը 44 տարեկան հասակում ինքնասպան եղավ Կոննեկտիկուտի իր արվեստանոցում։ --0--