Թուրքիայի՝ «Կովկասյան պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությունը դատապարտված է ձախողման. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասում անվտանգության և կայունության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, գտնում է հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։
«Փաստորեն «Կովկասյան պլատֆորմի» կազմում ընդգրկելու համար Թուրքիայի կողմից առաջարկված բոլոր հինգ երկրներն իրար հետ լուրջ տարաձայնություններ ունեն, այդ թվում՝ Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը Ադրբեջանի հետ՝ տնտեսական ոլորտում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Մելիք-Շահնազարյանը։
Էրդողանի հայտարարությունում պլատֆորմի ստեղծման սկզբունքների թվում նշված են Կովկասում խաղաղության և անվտանգության լրիվ վերականգնումը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության և էներգետիկ անվտանգության ապահովումը։
Քաղաքագետը գտնում է, որ միակ երկիրը, որ գործնականում չունի խնդիր տարածաշրջանի որևէ պետության հետ, Իրանն է, սակայն Թուրքիան չի հրավիրել նրան «Կովկասյան պլատֆորմ»։
«Նման պայմաններում տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ստեղծելը, հատկապես Թուրքիայի նախաձեռնությամբ, ինձ հնարավոր չի թվում»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը։
Իր հերթին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ Թուրքիան օգտագործում է պահը, որպեսզի ընդգծի իր նոր տեղը տարածաշրջանում և նոր միջնորդի դեր ստանձնի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչին նա միշտ ձգտել է։
«Թուրքիայի համար պարզ է, որ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու ճանապարհին կանգնած խոչընդոտներից մեկը կարող է լինել Ռուսաստանը, որն արդեն ապացուցել է իր մտադրությունները Կովկասում, և Հայաստանը, և հենց դրա հետ է կարելի կապել Անկարայի շփման ակտիվացումը Մոսկվայի հետ, ինչպես նաև Գյուլի այցը Երևան»,- գտնում է նա։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնապես Թուրքիայի ղեկավար Աբդուլա Գյուլին Երևան էր հրավիրել՝ սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում երկու երկրների ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպումը միասին դիտելու։-0-