«Վերադարձ» դասական երաժշտության երկրորդ փառատոնը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 15-28-ը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Վերադարձ» դասական երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 15-28-ը։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամից, փառատոնի շրջանակներում կկայանա յոթ համերգներից բաղկացած համերգաշար՝ մասնակցությամբ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից և ԱՄՆ-ից ժամանած հայ աշխարհահռչակ երաժիշտների։
Փառատոնը կբացվի սեպտեմբերի 15-ին՝ Գերմանիայից ժամանած ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ելույթով։
Մասնակիցների թվում են՝ Բելգիայի Եղիսաբեթ թագուհու Միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր Սերգեյ Խաչատրյանը (ջութակ, Գերմանիա), Միքայել Բալյանը, (դաշնամուր,Գերմանիա), Տաթևիկ Բաղդասարյանը (ֆլեյտա,Ավստրիա), դաշնակահարներ Իրինա Հովհաննիսյանը, Վարդան Մամիկոնյանը (Ֆրանսիա), թավջութակահար Սուրեն Բագրատունին և դաշնակահար Սթիվեն Պրութսմանն՝ ԱՄՆ-ից։
Փառատոնին Հայաստանը կներկայացնեն այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են թավջութակահար Վարդան Գասպարյանը, դաշնակահարուհի Նունե Ասատրյանը, Անի Խաչատրյանը (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյանը (ալտ)։
Համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ, «Վերադարձ» փառատոնի նվագախումբը, ինչպես նաև «Նարեկացի» կամերային նվագախումբը՝ դիրիժոր Արամ Թալալյանի գլխավորությամբ։
«Վերադարձ» դասական երաժշտության առաջին փառատոնը տեղի է ունեցել 2007թ.-ին՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ -0-