ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ առաքելության դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ առաքելության դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահությանն աջակցող աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Նիկոլաոս Կալանցիանոսի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս աջակցել ԵԱՀԿ-ի աշխատանքներին:
Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինասը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսը:
Հանդիպման ընթացքումմ կարևորվել է Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի աջակցությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի վերահսկման գործում:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության և համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի շուրջ:
Հանդիպման ավարտին Կալանցիանոսը շնորհակալություն է հայտնել նախարարին անկեղծ զրույցի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ հետագա կառուցողական համագործակցության պատրաստակամության համար:-0-